29-04-2017 11:45 18423

 

2016թ․ ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության արդյունքները Ապրիլի 28-ին ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակեց իր տարեկան զեկույցը՝ ամփոփելով 2016 թվականը: Ինչպես միշտ, 2016-ի ընթացքում նույնպես Կենտրոնական բանկի քաղաքականությունը ուղղված է եղել գների կայունության ապահովմանը: Տարին նշանավորվեց դեֆլյացիոն միտումներով, որի հետևյալ պատճառներն են ներկայացված վերոհիշյալ զեկույցում.

•2015-2016թթ. համաշխարհային շուկայում գների անկումը;

•գյուղմթերքի ծավալների աճը;

• արտերկրից ստացվող մասնավոր դրամական փոխանցումների ծավալի, հետևաբար՝ ներքին պահանջարկի նվազումը;

• 2016թ.-ի հուլիսից գազի գնի իջեցումը: Կենտրոնական բանկի պաշտոնական տվյալները վկայում են նրա մասին, որ ամբողջ 2016 թվականի ընթացքում սպարողական գների ինդեքսի մեծությունը բացասական է

 

եղել: Նույնը տեղի է ունեցել նաև 2017 թվականի առաջին եռամսյակի ընթացքում, բայց զուգակցվել է դեֆլյացիայի տեմպերի նվազումով: Սպառողական զամբյուղի մեջ մտնող ապրանքների գների անկումը դրական երևույթ է բնակչության բարեկեցության տեսանկյունից. եթե դրա հետ մեկտեղ անփոփոխ է մնում սպառողի եկամուտի մակարդակը, նա կարող է գնել ապրանքների ավելի մեծ քանակը և օգտվել ավելի շատ թվով ծառայություններից: Սակայն տնտեսության համար շարունակական դեֆլյացիան բացասական երևույթ է: Արտադրանքի գների իջեցման միտումները զրկում են արտադրողներին իրենց արտադրությունը ընդլայնելու ստիմուլից: Տնտեսագիտության մեջ այդ օրինաչափությունը հայտնի է որպես առաջարկի օրենք. գների աճի հետ զուգահեռ մեծանում են արտադրության ծավալները, և հակառակը:

 

Այդպիսով, 2016 թվականին գների կայունության ապահովման համար Կենտրոնական բանկը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման միջոցով իրականացնում էր դրամական զանգվածի ընդլայնման քաղաքականություն: Որպես կանոն, դա հանգեցնում է ֆինանսական շուկայում տոկոսադրույքների իջեցմանը, ինչը ներդրման խթան է հանդիսանում, քանի որ դրա հետևանքով էժանանում են վարկային ռեսուրսները: Արդյունքում ցածր տոկոսադրույքները խթանում են ներքին պահանջարկի աճը, ինչի շնորհիվ գները սկսում են աճել: Այդպիսով, արդեն 2017թ. սկզբին հաջողվեց նվազեցնել դեֆլյացիայի տեմպերը: Դրան նպաստել է նաև 2017 թ. առաջին եռամսյակում՝ արտերկրից ստացվող մասնավոր դրամական փոխանցումների աճը: Կենտրոնական բանկի տվյալները փաստում են նաև նրա մասին, որ 2016թ.-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ ՀՀ բանկային համակարգի միջոցով կատարված դրամական փոխանցումների ծավալների որոշակի աճ է գրանցվել:

Ամփոփելով կարելի է եզրակացնել, որ Կենտրոնական բանկի կողմից որդեգրված ընդլայնողական քաղաքականությունը՝ ՀՀ ուղղված դրամական փոխանցումների որոշակի աճի հետ մեկտեղ հասավ որոշ արդյունքների: Տոկոսադրույքների իջեցման միտումը և ֆինանսավորման արտաքին աղբյուրներից մուտքերը կարող են նպաստել բնակչության եկամուտի կարճաժամկետ աճին, ինչը հիմք կստեղծի պահանջարկի մակարդակի բարձրացման համար:

Կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է FinNews.am լրատվական-վերլուծական պորտալին։
Նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերումը կամ օգտագործումը թույլատրվում է միայն ուղիղ հղման առկայության դեպքում։
Շնորհակալություն մեր աշխատանքը հարգելու համար։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր