19-02-2019 18:34 2313

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվել է նախորդ տարվա առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը, որտեղ իրենց նշանակալի ներկայացվածությունն ունեն ՀՀ առևտրային 17 բանկերը՝ կազմելով ցանկում ընդգրկված կազմակերպությունների 1.7 %-ը: Հայաստանյան առեւտրային բանկերը 2018թ.-ին ընդհանուր 48 մլրդ 635 մլն 666 հազար դրամ հարկ են վճարել պետական բյուջե:

2018թ.-ին՝ ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ցուցանիշով առեւտրային 17 բանկերի ցանկը գլխավորում է Ամերիաբանկը՝ համապատասխանաբար 6 մլրդ 116 մլն 580 հազար դրամով: Խոշոր հարկ վճարող մյուս բանկը Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝ 6 մլրդ 20 մլն 723 հազար դրամով, որին հաջորդում է Ինեկոբանկը: Բանկը 2018թ.-ին պետբյուջե է վճարել 4 մլրդ 853 մլն 524 հազար դրամ:

Ըստ Հայաստանի բանկերի միության հանրային կապերի ծառայության, 1000 հարկատուների ցանկում ՀՀ պետական բյուջե վճարված ընդհանուր հարկերի մասով ՀՀ առևտրային բանկերից առաջին եռյակը 2018 թվականին զբաղեցրել են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ 22-րդ, «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն՝ 24-րդ և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն՝ 31-րդ հորիզոնականները:

Խոշոր հարկատու բանկերի հնգյակում են հայտնվել Արդշինբանկը՝ 4 մլրդ 625 մլն 289 հազար դրամ եւ ՎՏԲ-Հայաստան բանկը՝ 4 մլրդ 101 մլն 591 հազար դրամ վճարած հարկերով:

Հնգյակից մի փոքր ետ է մնացել Հայբիզնեսբանկ ՓԲԸ, որի վճարած հարկը 2018թ.-ին կազմում է 4 մլրդ 92 մլն 559 հազար դրամ:

Հայաստանի 17 առեւտրային բանկերից ՀՀ պետական բյուջե ամենաքիչ հարկ վճարած բանկերի եռյակում են հայտնվել Մելլաթ բանկը՝ վճարելով 867 մլն 451 հազար դրամ, Բիբլոս Բանկ Արմենիան՝ 534 մլն 389 հազար դրամ եւ Արցախբանկ ՓԲԸ կենտրոնական մասնաճյուղը՝ 219 մլն 623 հազար դրամ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր