07-03-2019 12:15 4713

 

Ազգաբնակչության բնակարանային ապահովման խնդրի արդյունավետ լուծումը առանցքային դեր է խաղում ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում, ուստի առանձնակի ուշադրության է արժանի հիփոթեքային վարկերի պայմանները և տոկոսադրույքների մակարդակը: Անդրադառնալով Հայաստանի հիփոթեքային վարկավորման շուկային, հարկ է նշել, որ 2018 թվականին այստեղ բավական դրական զարգացումներ արձանագրվեցին:

2018 թվականին առևտրային բանկերի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի ընդհանուր ծավալը կազմել է՝ 1012755.47 մլն դրամ, որից՝ 564238.9 մլն դրամ կազմել են դրամով /55.7%/ և 448516.57 արտարժույթով տրմադրված հիփոթեքային վարկերը /44,3%/: Համեմատության համար նշենք, որ հիփոթեքային վարկավորման ծավալը 2017 թվականին կազմել է 860381.94 մլն դրամ, որից՝ 437688.5մլն դրամ /50.9%/ կազմել են դրամով և 422693.4 մլն դրամ /49.1%/՝ արտարժույթով տրամադրված հիփոթեքային վարկերը: Ինչպես տեսնում ենք տեղի է ունեցել հիփոթեքային վարկավորման զգալի աճ՝ շուրջ 18 %, ինչպես նաև դրամով տրամադրվող հիփոթեքային վարկերի մասնաբաժնի աճ՝ շուրջ 5%:

Նշված աճի պատճառը բնականաբար հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների որոշակի նվազումն է, ինչպես նաև վարկի մյուս էական պայմանների բարելավումը, այդ թվում՝ նաև երիտասարդ ընտանիքների վարկավորման գծով: Այսպես, 2018 թվականի առաջին եռամսյակում դրամով տրամադրվող հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 11.02%, իսկ արտարժույթով վարկերի գծով՝ 10.33%, երկրորդ եռամսյակում համապատասխանաբար՝11.34% և 9.62%, երրորդ եռամսյակում՝ 11.37% և 9.8%, չորրորդ եռամսյակում՝ 10.76% և 9.63%: Ինչպես տեսնում ենք, չորրորդ եռամսյակում հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը էականորեն նվազել է: Համեմատության համար պետք է նշել, որ 2017 թվականի չորրորդ եռամսյակում հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքները կազմել են համապատասխանաբար 11.24% և 10.03%: Բացի տոկոսադրույքի նվազումից, որոշակիորեն բարելավվել են նաև հիփոթեքաին վարկավորման պայմանները, մասնավորապես, երկրորդ անշարժ գույքի գրավի պահանջը շատ բանկերի կողմից վերանայվել է, նվազեցվել է պարտադիր կանխավճարի չափը՝ 30%-ից մինչև 10 %, իսկ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից ընդհուպ մինչև 3%: Բացի այդ, ներմուծվել է պարտավորությունների ապահովագրության գործիքը, ինչը նույնպես նպաստել է հիփոթեքային վարկերի գրավչության աճին:

Ինչ վերաբերվում է երիտասարդ ընտանիքների տրամադրվող հիփոթեքային վարկերին, ապա ՀՀ նորկառավարության նախաձեռնությամբ 2018 թվականին բարելավվել են նաև «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագրի պայմանները, ինչի արդյունքում նվազեցվել է հիփոթեքային վարկի կանխավճարի չափը մինչև 20 տոկոս, բարձրացվել է երիտասարդ ամուսինների տարիքային շեմը՝ մինչև 70 տարեկան և վերանայվել է դրանց տոկոսադրույքները: Այսպես, երիտասարդ ընտանիքների հիփոթեքային վարկը կարող է տրամադրվել առնվազն 10 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 9,5 տոկոստոկոսադրույքով։ Մայրաքաղաքում բնակարան ձեռքբերելու դեպքում, կառավարությունը կսուբսիդավորի վարկի 2 տոկոսը, մարզերի դեպքում՝ 4 տոկոսը։

Ինչպես տեսնում ենք, բավական դրական տեղաշարժեր են տեղի ունեցել հիփոթեքային վարկավորման շուկայում և եթե այս գործընթացը շարունակվի, ապա նշված վարկատեսակից օգտվողների թիվը ավելի կմեծանա,ինչը կնպաստի նաև ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:

 

Կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է FinNews.am լրատվական-վերլուծական պորտալին։
Նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերումը կամ օգտագործումը թույլատրվում է միայն ուղիղ հղման առկայության դեպքում։
Շնորհակալություն մեր աշխատանքը հարգելու համար։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր