12-04-2019 12:26 2511

 

Վերջին շրջանում լրատվամիջոցներում և սոցիալական կայքերում ակտիվ քննարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ՀՀ կառավարության կողմից առաջարկվող փոփոխություններն, ըստ որի՝ գրավատների և փոխանակման կետերի համար պետական տուրքն ավելանում է 60 անգամ՝ գրավատների դեպքում 100 000 դրամից դառնալով 6 միլիոն դրամ, իսկ փոխանակման կետերի դեպքում՝ 50 000 դրամից դառնալով 3 միլիոն դրամ:

Հարկային բեռի նման հսկայական և թռիչքաձև բարձրացման համար ՀՀ կառավարությունը դեռ ոչ մի խելամիտ հիմնավորում չի ներկայացրել, բացառությամբ այն բացատրությունից, որ կառավարությունը վաղուց ֆինանսական ոլորտում պետական տուրքի գծով փոփոխություններ չի իրականացրել, իսկ այդ փոփոխություններն այս պահին անհրաժեշտ են հարկային բարեփոխումների՝ մասնավորապես շահութահարկի 2 տոկոս նվազեցման արդյունքում (18% գործող 20%-ի փոխարեն) պետական բյուջեի մուտքերի կրճատումը փոխհատուցելու համար: Մասնավորապես, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության մեկնաբանության՝ շահութահարկի նվազեցման դեպքում ֆինանսական ոլորտն այդ բարեփոխումների արդյունքում օգտվում է 6-6.5 միլիարդ դրամով, այսինքն, այդքան պակաս հարկ է վճարվելու պետական բյուջե: Ուստի, կառավարությունը որոշել է այդ պակաս վճարվող գումարը հետ բերել անուղղակի հարկերի միջոցով, տվյալ դեպքում՝ լիցենզիայի համար վճարվող պետական տուրքի բարձրացման հաշվին:

Սակայն, այստեղ նկատելի են մի շարք անհամամասնություններ: Մասնավորապես, եթե բանկի միջին շահույթը տարեկան մոտ 6 միլիարդ դրամ է կազմում, ապա շահութահարկի 2 % նվազման պարագայում վերջինս օգտվում է 120 միլիոն դրամով: Միաժամանակ, պետական տուրքի բարձրացման դեպքում բանկն ավել տուրք կվճարի ընդամենը 4 միլիոն դրամ, քանի որ օրենքի նախագծով բանկի համար պետական տուրքը 3 միլիոնից դառնում է 7 միլիոն դրամ: Սակայն, գրավատների ու փոխանակման կետերի համար տուրքը բարձրանում է 60 անգամ և ստացվում է, որ եթե օրինակ գրավատան տարեկան միջին շահույթը կազմում է 13 միլիոն դրամ, ապա վերջինս շահութահարկի նվազեցումից կօգտվի ընդամենը 260 000 դրամի չափով, բայց դրա փոխարեն ավել պետական տուրք վճարի 5 միլիոն 900 000 դրամ:

Փոխանակման կետերի ու գրավատների համար պետական տուրքի նման անհամաչափ բարձրացումն անշուշտ Հայաստանի տնտեսական և ֆինանսական ոլորտներում կհանգեցնի մի շարք բացասական հետևանքների, մասնավորապես.

  • Ֆինանսական ոլորտներում բազմաթիվ կազմակերպություններ պարզապես կփակվեն և փոխարենը կհաստատվի մի քանի խոշոր կազմակերպությունների մենաշնորհ, ինչն ուղղակի հարված է փոքր ու միջին բիզնեսին:
  • Ֆինանսական շուկայում մասնակիցների թվի նվազեցումը կհանգեցնի տոկոսադրույքների բարձրացման և արժույթների փոխարժեքի մարժայի աճի: Բացի այդ, կարող է տուժել նաև մատուցվող ծառայությունների որակը:
  • Հայաստանի մարզերում, որտեղ հիմնականում գործում են բավական քիչ թվով փոքր փոխանակման կետեր և գրավատներ, հիշյալ օրինագծի ընդունման դեպքում կփակվեն, ինչը կհանգեցնի այդ ծառայությունների դժվարհասանելիությանը մարզերում և մայրաքաղաքում դրանց գերկենտրոնացմանը :
  • Բազմաթիվ փոխանակման կետերի և գրավատների փակման արդյունքում կկրճատվեն բազմաթիվ աշխատատեղեր, ինչը կունենա լուրջ սոցիալական հետևանքներ:
  • Կկրճատվեն մի շարք պետական և ոչ պետական կազմակերպությունների ֆինանսական մուտքերը` գրավատներին և փոխանակման կետերին ծառայությունների մատուցման դիմաց (օր.` Սոս Սիսթեմս, Ֆինանսական համակարգի հաշտարար, պետական կամ մասնավոր պահպանության ծառայություններ, ապահովագրական ընկերություններ և այլն)։
  • Պետական տուրքի բարձրացումը կարող է հանգեցնել ստվերային վաշխառուական գործունեության տարածմանը և արտարժույթի «սև շուկայի» ձևավորմանը: Ընդվորում, ստվերային կամ սև շուկան մնում է ՀՀ ԿԲ վերահսկողությունից դուրս և չի վճարում պետական տուրքեր կամ հարկեր, այսպիսով ձեռք բերելով մրցակցային առավելություն օրինական դաշտում գործող կազմակերպությունների հանդեպ։ Դա կարող է հանգեցնել մատուցվող ծառայությունների գնի բարրձրացմանը և միաժամանակ որակի նվազեցմանը։
  • Վերը նշված հետևանքները փոխանակման կետերի մասով կարող են հանգեցնել նաև արտարժույթով իրականացվող գործարքների թվի ավելացմանը, ինչն իր հերթին կնպաստի երկրում դոլարիզացիայի բարձրացմանը։

Հաշվի առնելով վերոգրյալը, նպատակահարմար է, որպեսզի ՀՀ կառավարությունը նշված ոլորտներում տարանջատի փոքր և միջին բիզնեսը խոշորից: Ուստի, առաջարկվում է, որպեսզի սահմանվեն որոշակի հարկման շեմեր և դրանց համապատասխան պետական տուրքի դրույքաչափեր:

Օրինակ, գրավատների համար՝

  • մինչև 30000000 միլիոն դրամ պորտֆելի դեպքում պետական տուրքի չափը կարող է սահմանվել 2 մլն դրամ,
  • 30 000 001 դրամից մինչև 60 000 000 դրամի դեպքում՝ 4 մլն դրամ,
  • 60 000 001 դրամից ավել պորտֆելի դեպքում՝ 6 մլն դրամ:

Փոխանակաման կետերի դեպքում կարելի է հիմք ընդունել վերջիններիս գործարքների ծավալային ցուցանիշները՝ նույնպես սահմանելով որոշակի շեմեր ու դրանց համապատասխան պետական տուրքի դրույքաչափեր:

Նշված քայլերով հնարավոր կլինի ապահովել փոքր ու միջին բիզնեսի շահերի պաշտպանությունը ֆինանսական շուկայի նշված ոլորտներում՝ կանխելով դրանց դուրս մղումը շուկայից:

Կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է FinNews.am լրատվական-վերլուծական պորտալին։
Նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերումը կամ օգտագործումը թույլատրվում է միայն ուղիղ հղման առկայության դեպքում։
Շնորհակալություն մեր աշխատանքը հարգելու համար։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր