17-04-2019 09:47 2141

 

Վերջին շրջանում հանրության կողմից լայն քննարկումների առարկա դարձավ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից առաջարկված և ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Ի թիվս այլ փոփոխությունների՝ նշված օրինագծով նախաեսվում է կատարել նաև եկամտային հարկի մասով: Ըստ այս օրինագծի՝ նախատեսվում է իրականացնել եկամտային հարկի համահարթեցում՝ կիրառելով 23% միասնական համահարթեցնող դրույքաչափ։ Նշենք, որ ներկայումս գործում է եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիվ դրույքաչափերի համակարգը՝ 23 % (մինչև 150 հազար դրամ աշխատավարձի համար), 28 % (150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձի համար) և 36 % (2 միլիոն դրամից բարձր աշխատավարձի համար): Ավելի վաղ ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում էր եկամտային հարկի համահարթ տարբերակին անցնել արդեն 2019 թվականի հուլիսի 1-ից, սակայն արդեն նոր նախագծով այս ժամկետը հետաձգվում է մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը։ Այնուհետև, եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվականը աստիճանաբար կնվազեցվի մինչև 20 տոկոս:

Պետք է նշել, որ համահարթեցնող դրույքաչափի կիրառումն ունի ինչպես դրական այնպես էլ բացասական կողմեր: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացվում են այդ փոփոխության համար մի շարք հիմնավորումներ: Մասնավորապես, Հայաստանում եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը կազմում է շուրջ 25.1-25.2 %, որը բավական բարձր է և բացասական ազդեցություն է ունենում ինչպես ազգային տնտեսության մրցունակության, արտահանման ծավալների ու տնտեսական աճի ցուցանիշների բարելավման, այնպես էլ աղքատության մակարդակի կրճատման վրա: Ներկայացվող մյուս հիմնավորումն այն է, որ եկամտային հարկի գծով բարձր հարկային բեռը հանգեցնում է եկամուտների իրական մեծությունների թերհայտարարագրման, քանի որ տնտեսապես ավելի ձեռնտու է վճարել շահութահարկ և շահաբաժնի հարկ, քան եկամտային հարկ՝ ավելի բարձր դրույքաչափերով։ Արդյունքում, թեև եկամտային հարկի համակարգը անվանական առումով պրոգրեսիվ բնույթ ունի, իրականում հարկման համակարգը չի բնութագրվում ընդգծված պրոգրեսիվությամբ, քանի որ հայտարարագրվող եկամուտների հիմնական մասը կենտրոնացված է ցածր եկամտային խմբում:

Ինչ վերաբերվում է համահարթեցնող դրույքաչափի բացասական կողմերին, ապա դրանցից ամենաառաջնայինն այն է, որ համահարթ դրույքաչափի անցման դեպքում մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկը չի փոփոխվելու՝ ինչպես ներկայումս հարկվում են 23%-ով, այնպես էլ շարունակվելու են հարկվել նույն դրույքաչափով։ Ըստ դիտարկումների արդյունքի՝ թվով 610 հազար վարձու աշխատողների շուրջ 65 տոկոսի մասով հայտարարագրված ամսական եկամուտը չի գերազանցում 150 հազար դրամը: Փաստացի ստացվում է, որ համահարթեցման արդյունքում վարձու աշխատողների 65%-ի եկամտային հարկը չի փոփոխվում: Համահարթեցման արդյունքում եկամտային հարկը փոխվում է հարկատուների միայն 35 %-ի համար: Պետք է նշել, որ ամսական 2 միլիոն դրամից ավելի եկամուտ հայտարարագրվում է վարձու աշխատողների ընդամենը 0.3 տոկոսի մասով: Ընդ որում, վերջիններս ամենաշահեկան դիրքերում են, քանի որ նրանց համար եկամտային հարկը, փաստացի կնվազի միանգամից 13 տոկոսային կետով՝ 36%-ից նվազելով մինչև 23%: Բացի այդ, համահարթեցման արդյունքում կնվազեն նաև պետական բյուջեի եկամուտները, ինչը բացասաբար կանդրադառնա պետության տնտեսական ու սոցիալական ոլորտներում իրականացվող ծախսերի վրա: Այսպիսով, օրինագծի ընդունումը կարող է ավելի խորացնել սոցիալական անրադարությունը մեր հանրապետությունում, քանի որ դրանից միայն կշահեն բարձր եկամուտ ունեցողները, իսկ տնտեսության վրա համահարթ դրույքաչափի դրական ազդեցությունն այնքան էլ միանշանակ չէ:

Կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է FinNews.amլրատվական-վերլուծական պորտալին։
Նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերումը կամ օգտագործումը թույլատրվում է միայն ուղիղ հղման առկայության դեպքում։
Շնորհակալություն մեր աշխատանքը հարգելու համար։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր