25-04-2019 19:03 1073

 

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության կողմից ներկայացվող նոր օրենքի նախագծով, որը ներկայումս քննարկվում է ԱԺ-ում, առաջարկվում է նվազեցնել շահութահարկի դրույքաչափը, համահարթեցնել եկամտային հարկը, իսկ փոխարենը՝ բարձրացնել որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկը, խաղային ոլորտը հարկվելու է շահութահարկով, ինչպես նաև ավելացվելու է թանկարժեք ավտոմեքենաների բնապահպանական հարկը։ ՀՀ կառավարությունն ակնկալում է նշված փոփոխությունների ընդունման արդյունքում բարելավել գործարար միջավայրը, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունն ու ներդրումային գրավչությունը:

Ըստ նախնական հաշվարկների՝ միայն եկամտային հարկի դրույքաչափի փոփոխության արդյունքում պետական բյուջեն կունենա տարեկան շուրջ 27.5 մլրդ դրամի կորուստ։ Ինչ վերաբերվում է 20%-ից մինչև 18% շահութահարկի դրույքաչափի նվազեցմանը, ապա այն պետական բյուջեին կպատճառի շուրջ 11.5 մլրդ դրամի կորուստ: Սակայն, ՀՀ ֆինանսների նախարարությունը կարծում է, որ հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները պետական բյուջեի վրա չեզոք ազդեցություն են ունենալու, քանի որ դրանք ծրագրվել են այնպես, որ մի քանի աղբյուրներից պետական բյուջեի մուտքերի կրճատումը կփոխհատուցվի մեկ այլ աղբյուրներից մուտքերի ավելացմամբ: Մասնավորապես, օրենքի նախագծով նախատեսվում է բարձրացնել ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչպես նաև ավելացնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկը։ Բացի այդ, նախատեսվում է բարձրացնել նաև 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող՝ 300 և ավելի ձիաուժ ունեցող շարժիչի հզորությամբ ավտոմեքենաների բնապահպանական հարկը, խաղային ոլորտը (խաղատներ, բուքմեյքերական ընկերություններ) հարկել շահութահարկով, կտրուկ բարձրացնել ֆինանսավարկային հատվածի լիցենզիաներ ստանալու համար սահմանվող պետական տուրքի դրույքաչափը և այլն:

Դիտարկելով եկամտային հարկի համահարթեցնող դրույքաչափի սահմանումը, պետք է նշել, որ այդ փոփոխության արդյունքում չեն շահում և նույնիսկ տուժում են այն վարձու աշխատողները, որոնց եկամուտը չի գերազանցում 150000 ՀՀ դրամը (տես նախորդ վերլուծությունն` այս հղումով): Իսկ վերջիններս կազմում են եկամտային հարկ վճարողների մոտ 65 տոկոսը կամ թվով շուրջ 610 հազար վարձու աշխատող: Համահարթեցման արդյունքում եկամտային հարկը փոխվում է հարկատուների միայն 35 %-ի համար, իսկ ամսական 2 միլիոն դրամից ավելի եկամուտ ստացողները, որոնք կազմում են վարձու աշխատողների ընդամենը 0.3 տոկոսը՝ ամենից շատ են շահում, քանի որ վերջիններիս համար եկամտային հարկը, փաստացի կնվազի միանգամից 13 տոկոսային կետով՝ 36%-ից նվազելով մինչև 23%:

Վերոգրյալին եթե հավելենք նաև, որ հիշյալ օրինագծով նախատեսվում է ակցիզային հարկի բարձրացում, ապա դրա արդյունքում կթանկանան մասնավորապես ծխախոտը, խմիչքը և մի շարք այլ ապրարնքներ ու քանի որ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկը չի նվազի և արդյունքում տնօրինվող եկամուտը չի ավելանա, ապա ապրանքների թանկացումը նրանց վրա կազդի ամենաանմիջական կերպով: Պետք է նշել նաև, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը: Ներկայումս 10% կենսաթոշակային կուտակային վճարների 7.5%-ը կատարվում է պետական բյուջեի հաշվին, իսկ մնացած 2.5%-ը՝ աշխատողի աշխատավարձի։ Ներկայացված օրենքի նախագծով նախատեսվում է, որ պետությունը վճարելու է կենսաթոշակային վճարի 5%-ըէ ինչպես և նախկինում էր, իսկ մնացած 5%-ը պետք է կատարվի աշխատողների աշխատավարձի հաշվին: Փաստացի, ստացվում է, որ նշված փոփոխության արդյունքում ևսվարձու աշխատողների եկամուտները կնվազեն, ինչն ավելի շատ իրենց վրա կզգան մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները:

Կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է FinNews.am լրատվական-վերլուծական պորտալին։
Նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերումը կամ օգտագործումը թույլատրվում է միայն ուղիղ հղման առկայության դեպքում։
Շնորհակալություն մեր աշխատանքը հարգելու համար։

Կարդացեք նաև՝ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՐԱԿԱՆ ԵՒ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր