04-05-2019 14:08 946

 

Ներկայումս Հայաստանի Հանրապետության տնտեսական օրակարգի թերևս ամենագլխավոր խնդիրներից մեկը տնտեսության մեջ անհրաժեշտ ծավալով ներդրումների ներգրավումն է, ինչը մեծապես կնպաստի տնտեսության կայուն զարգացմանը, ազգաբնակչության զբաղվածության աճին և կենսամակարդակի բարձրացմանը: Սակայն, այս խնդրի իրագործման համար անհրաժեշտ է որդեգրել նպատակաուղղված ու թիրախային պետական տնտեսական քաղաքականություն: Մասնավորապես, այդ քաղաքականության շրջանակում պետք է մշակվեն ու իրագործվեն ներդրումները խթանող մի շարք միջոցառումների համալիր, որոնք կառնչվեն ինչպես հարկային, այնպես էլ դրամավարկային քաղաքականության ոլորտներին: Մասնավորապես, հարկային քաղաքականության ոլորտում նման միջոցառումներ կարող են հանդիսանալ.

  • Երկարաժամկետ ներդրումներ իրականացնող կազմակերպությունների համար հարկման հատուկ ռեժիմի սահմանումը,
  • տնտեսության իրական հատվածում նոր ստեղծվող ձեռնարկություններին որոշակի ժամանակահատվածով հարկերից ազատումը՝ անկախ դրանց շրջանառության ծավալներից,
  • կատարված ներդրումների չափով կազմակերպությունների հարկվող եկամտի նվազեցումը,
  • արտադրության տեխնիկական վերազինմանն ուղղված ծախսերի չափով հարկվող շահույթի նվազեցումը,
  • ներդրումների իրականացման դեպքում կազմակերպությաունների համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի հետաձգումը,
  • հիմնական միջոցների և արտահանվող ապրանքերի արտադրության համար ներմուծվող նյութերի և կիսաֆաբրիկատների համար մաքսատուրքերից ազատումը,
  • արտադրության մեջ օգտագործվող հիմնական միջոցների համար օրենսդրությամբ սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետների վերանայումը:

Դրամավարկային քաղաքականության ոլորտում ներդրումների խթանման ուղղությամբ նախևառաջ կարևորվում է ԿԲ հիմնական խնդրի վերանայումը՝ գների կայունության ապահովման փոխարեն որդեգրելով տնտեսական աճի և ֆինանսական կայունության ապահովումը:

Ներդրումների խթանման ուղղությամբ դրամավարկային քաղաքականության ոլորտում կարևոր քայլերից մեկը կհանդիսանա նաև ՀՀ ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը: Հաշվի առնելով այն, որ կորպորատիվ արժեթղթերի շուկան մեր հանրապետությունում զարգացած չէ, ուստի ներդրումների ֆինանսավորման հիմնական աղբյուրը, բացի կազմակերպության սեփական միջոցներից, հանդիսանում է բանկային վարկը: ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման դեպքում բնականաբար կնվազեն առևտրային բանկերի վարկային տոկոսադրույքները, ինչն անհամամեմատ ավելի մատչելի կդարձնի ներդրումների վարկային ֆինասավորումը:Բացի վերոգրյալից, ներդրումների խթանման համար դրամավարկային ոլորտում անհրաժեշտ է իրականացնել նաև մի շարք այլ միջոցառումներ, մասնավորապես.

  • տնտեսության առաջնահերթ ոլորտներում ներդրումներ իրականացնող կազմակերպություններին արտոնյալ վարկերի տրամադրում,
  • արտահանող կազմակերպությունների կողմից ներդրումների համար ներգրավված վարկերի տոկոսների սուբսիդավորում,
  • ներդրումների ներգրավման նպատակով կազմակերպությունների կողմից պետական երաշխիքներով կորպորատիվ արժեթղթերի թողարկում և առևտրային բանկերի միջոցով առաջնային շուկայում դրանց տեղաբաշխման կազմակերպում,
  • կուտակային կեսնաթոշակային հիմնադրամների հավաքագրած ֆինանսական միջոցները Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում որպես ներդրումներ ներգրավելու գործուն մեխանիզմների ապահովում:

Վերոթվարկյալ միջոցառումների իրականացումը կնպաստեն Հայաստանում ներդրումային հոսքերի ակտիվացմանը, սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է իրականացնել նաև օրենսդրական և ինստիտուցիոնալ մի շարք բարեփոխումներ, որոնց հիմնական ուղղությունները հաջորդիվ կներկայացվեն:

Կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է FinNews.am լրատվական-վերլուծական պորտալին։
Նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերումը կամ օգտագործումը թույլատրվում է միայն ուղիղ հղման առկայության դեպքում։
Շնորհակալություն մեր աշխատանքը հարգելու համար։

Կարդացեք նաև` 

investmentCopy ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ 2018 Թ. ԱՄՓՈՓՈՒՄ

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր