18-07-2019 16:42 1354

Ազգաբնակչության բնակարանային ապահովման խնդրի արդյունավետ լուծումը առանցքային դեր է խաղում ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում, ուստի առանձնակի ուշադրության է արժանի հիփոթեքային վարկավորման համակարգի մատչելիությունը, դրա հիմնական պայմանները, այդ թվում՝ տոկոսադրույքը: Հարկ է նշել, որ թեև Հայաստանի հիփոթեքային վարկավորման շուկայում վերջին մեկ տարվա ընթացքում որոշակի դրական փոփոխություններ արձանագրվեցին, սակայն այնուամենայնիվ այդ համակարգը որպես այդպիսին չի կարելի դեռևս մատչելի համարել ազգաբնակչության բոլոր խավերի համար: Նախևառաջ, սկզբնական կանխավճարի չափը թեև նվազեցվել է մինչև 10 տոկոս, սակայն եթե անգամ աշխատավարձի չափը ներում է հիփոթեքային վարկից օգտվելու, նույնիսկ այդ դեպքում Երևան քաղաքում ոչ շատ մեծ շուկայական արժեքով բնակարան ձեռք բերելու համար կանխավճարի չափը կազմում է միջինում 5000 ԱՄՆ դոլար, ինչը բավական մեծ գումար է կազմում շարքային քաղաքացու համար:  Նման գումար կուտակելու համար բավական ժամանակ է պահանջվում և հաշվի առնելով նաև այն, որ մեր հանրապետությունում սպառողական գների թանկացմանը զուգահեռ աշխատավարձերի ինդեքսավորում տեղի չի ունենում և բնակչությունը նույնիսկ իրենց սպառողական պահանջմունքները նույն մակարդակի վրա պահելու խնդիր ունեն, ուստի նման խնայողությունների կուտակումը գործնականում դժվարիրագործելի խնդիր է: Ահա թերևս սա է այն հիմնական պատճառը, որ շատ ընտանիքներ չեն կարող օգտվել հիփոթեքային վարկերից:

Վերը նշված խնդրի լուծման ուղղությամբ կարծում ենք նպատակահարմար կլինի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում վարձու աշխատողների աշխատավարձերից յուրաքանչյուր ամիս պահված և համապատասխան կեսաթոշակային ֆոնդեր փոխանցված կենսաթոշակային վճարները, որոնց կուտակային մեծությունը նույնիսկ միջին աշխատավարձի պայմաններում բավական մեծ գումար են կազմում, ծառայեն որպես հիփոթեքային վարկի կանխավճար: Նշված գումարներից վարձու աշխատողները համաձայն գործող օրենսդրության չեն կարող օգտվել մինչև իրենց կեսաթոշակային տարիքը, ինչը սակայն բավական անարդարացի է, հաշվի առնելով որ անձը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունի և չի կարող օգտվել հիփոթեքային գործող ծրագրերից՝ կուտակված խնայողությունների բացակայության պատճառով:

Վերոգրյալը կարող է իրականացվել երկու տարբերակով. առաջին, կուտակված գումարից համապատասխան չափով փոխանցվում է բանկին որպես կանխավճար, կամ կանխավճարի գումարի չափով համապատասխան կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը ֆինանսական երաշխիք կտրամադրի առևտրային բանկին, որը և կհամարվի որպես հիփոթեքային վարկի կանխավճարի ապահովում: Բնականաբար այս նպատակով անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել կուտակային կեսաթոշակների մասին օրենսդրության մեջ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր