02-09-2019 17:26 386

 

Վրացական լարին հունիսի 20-ի քաղաքական հայտնի դեպքերից հետո սկսեց կտրուկ արժեզրկվել՝ օգոստոսի 1-ին հասնելով պատմական ամենացածր արժեքին՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց 2.975։ Այնուհետ վրացական արժույթը ցուցաբերեց տատանողական շարժընթաց և ներկայումս այն գնանշվում է 1 ԱՄՆ դոլարի դիմաց 2.928 լարի և 1 եվրոն 3.236 լարի։ Փորձագետների մի մասը վրացական արժույթի արժեզրկումը կապում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման հետ՝ կապված դեպի Վրաստան ավիափոխադրումների դադարեցման հետ, ինչի արդյունքում Վրաստանը զրկվեց բազմաքանակ ռուս զբոսաշրջիկներից, որոնք զգալի արտարժույթային մուտքեր էին ապահովում Վրաստանի համար։ Չնայած Վրաստանի ազգային բանկի վստահեցումներին, որ լարիի արժեզրկումը կարճաժամկետ բնույթ է կրում և վրացական տնտեսության վրա այն էական ազդեցություն չի ունենա, այնուամենայնիվ մասնագետները մեծ մասը կարծում է, որ երկրի ազգային արժույթի արժեզրկումը հասել է այն կրիտիկական շեմին, որ կարող է վտանգի տակ դնել երկրում գների կայունությունը։ Արդեն իսկ Վրաստանի ապրանքային շուկայում նկատվում են թանկացումներ, մասնավորապես թանկացել է բենզինը 5 թեթրիով կամ 0.02 դոլարով և տնտեսագետները այս թանկացումը կապում են հենց լարիի վերջին արժեզրկման հետ։ Ավելին, սպառողական շուկայում սպասվում է շուրջ 70 % ներկրվող ապրանքների գնաճ՝ 8-10%-ի չափով, ինչը 2008 թվականից հետո ամենաբարձր ցուցանիշը կկազմի այս երկրում։ Եթե հաշվի առնենք, որ Վրաստանի ազգային բանկի սահմանած գնաճի նպատակային ցուցանիշը կազմում է ընդամենը 3%, ապա պարզ է դառնում թե ինչ տհաճ անակնկալներ այն կարող է մատուցել երկրի կառավարությանը ։ Հայտնի է, որ Վրաստանի Ազգային բանկը արդեն իսկ որոշում է կայացրել վաճառել երկրի արտարժութային պահուստների որոշ մասը՝ լարիի հետագա արժեզրկումը կանխելու համար։ Համեմատության համար ներկայացնենք Վրաստանում գնաճի ցուցանիշները վերջին հինգ տարիներին՝2014-2018թթ. ժամանակահատվածում.

Գնաճի ցուցանիշը Վրաստանում 2014-2018 թթ.

larilari

Ինչպես տեսնում ենք, վերջին տարիներին Վրաստանում գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 2017 թվականին՝ կազմելով 6%։


Պետք է նշել, որ վրացական լարին վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ արդեն արժեզրկվել է։ Մասնավորապես անցած տարի այն արժեզրկվեց թուրքական լիրայի արժեզրկմանը զուգընթաց, քանի որ վրացական տնտեսությունը զգալիորեն կախված է թուրքական ներդրումներից և դրանց կրճատման ֆոնին վրացական լարին որոշակիորեն թուլացրեց դիրքերը արժութային շուկայում։ Այնուհետ, 2019 թվականի տարեսկզբից վրացական արժույթի դիրքերը կրկին թուլացան, ինչը կապվում էր ներդրողների զգուշավոր պահվածքի արդյունքում երկրում ներդրումների հոսքերի կրճատման հետ։ Իսկ արդեն ամռանը, ինչպես նշվեց, ռուս-վրացական կոնֆլիկտի ժամանակ լարիի արժեզրկումը եղավ ավելի կտրուկ։


Սակայն, որոշ փորձագետներ վրացական լարիի արժեզրկումը ավելի շատ կապում են Վրաստանի իշխող կուսկցության՝ "Վրացական երազանքի" վարած անարդյունավետ տնտեսական քաղաքականության հետ, ինչն ըստ վերջիններիս չի նպաստում երկրում ներդրումների աճին և տնտեսական զարգացմանը։ Տնտեսագետների կարծիքով՝ ներդրումային ճգնաժամը, որը նկատվում է Վրաստանում վերջին ժամանակաշրջանում, խոսում է միջազգային բիզնեսի համար երկրի տնտեսության գրավչության նվազման մասին և այն կապված է ոչ թե լոկալ քաղաքական բողոքի ակցիաների, այլ օտարերկրյա կապիտալ ներդրումների ներգրավման ոլորտում պետության կողմից երաշխիքների բացակայության հետ։

Միաժամանակ, հարկ է նշել նաև, որ վրացական լարիի արժեզրկումը վրացական տնտեսության համար կունենա նաև դրական ազդեցություն, քանի որ վերջինիս արդյունքում վրացական ապրանքները արտաքին շուկաներում էժանանալով ավելի մրցունակ կդառնան։ Սակայն, հաշվի առնելով այն, որ վրացական տնտեսությունը ավելի շատ կախվածություն ունի ներմուծումից քան արտահանումից, ապա լարիի արժեզրկումը տնտեսության վրա ավելի շատ բացասական ազդեցություն կունենա։

Ինչ վերաբերվում է Հայաստանի տնտեսության համար վրացական լարիի արժեզրկման հետևանքներին, ապա պետք է նշել, որ վերջինիցս կարճաժամկետ հատվածում կշահեն հայ զբոսաշրջիկները, սակայն հետագայում գների ընդհանուր թանկացման ֆոնին այս դրական ազդեցությունը կվերանա, իսկ ահա արտաքին շուկաներում վրացական ապրանքները ավելի մրցունակ կդառնան հայկական ապրանքների համեմատ, ինչը բացասաբար կանդրադառնա Հայաստանի արտահանվող այն ճյուղերի վրա, որոնք արտաքին շուկաներում մրցակցում են վրացական նույնանման ապրանքների հետ։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր