15-10-2019 12:10 239

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանը կներկայացնի նախագիծ, որով կհստակեցվի, թե գյուղատնտեսական նշանակության որ հողատարածքները չեն օգտագործվում և թե դրանց օգտագործման համար ինչ մեխանիզմներ կարող են մշակվել: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մենք ունենք ոռոգելի հողատարածքներ, որոնք չեն օգտագործվում բազմաթիվ պատճառներով: Մի դեպքում կա ոռոգման արդյունավետության հարց, մյուս դեպքում հարցը հողատարածքի չափն է, մյուսում՝ սեփականատիրոջ բացակայությունը և այլն: Այս փաստերը գույքագրված են որոշակի հարցումների արդյունքում: Մենք նախատեսում ենք առաջիկայում կառավարությանն առաջարկել կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան որակել, թե արդյոք հողամասն օգտագործվում է, իսկ եթե չի օգտագործվում, ինչպիսի մեխանիզմներ կարող են առաջարկվել, որոնք կարող են խթանել, որ այդ հողամասերն օգտագործվեն և դառնան արդյունավետ՝ կիրառության տեսանկյունից: Պետք է լինի օբյեկտիվ գնահատման մեխանիզմ»,

-ասաց Խաչատրյանը:

Նախարարի կարծիքով՝ առաջիկայում հողերի ռեֆորմի համար կազմվելու են որոշակի միջոցառումներ, որոնք նպաստելու են հողերի օգտագործմանը, այդպիսով գյուղատնտեսությամբ զբաղվելու արդյունավետության բարձրացմանը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: