20-08-2019 15:38 3658

Գաղտնիք չէ, որ ներկայումս հիփոթեքային վարկով բնակարան ձեռքբերելը բավական դժվարիրագործելի խնդիր է միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար՝ կապված դրա համար անհրաժեշտ կանխավճարի գումարի առկայության հետ։ Միջին եկամուտ ունեցող աշխատող քաղաքացիների համար անհրաժեշտ չափով գումարի կուտակումը սպառողական գների անընդհատ թանկացման ֆոնին գրեթե անիրագործելի է։ Հետևաբար, անհրաժեշտ է այս ուղղությամբ ներդնել ավելի մատչելի համակարգ, որի միջոցով հիփոթեքային վարկ ստանալու համար այլևս կանխավճարի գումարը խոչընդոտ չի հանդիսանա։ Այս առումով կարծում ենք միանգամայն տեղին կլինի կուտակային կենսաթոշակային համակարգի ներգրավումը՝ նշված խնդիրը լուծելու ուղղությամբ։

Համաձայն կուտակային կենսաթոշակների օրենսդրության՝ Հայաստանի Հանրապետությունում վարձու աշխատողների աշխատավարձերից յուրաքանչյուր ամիս պահվում և համապատասխան կեսաթոշակային ֆոնդեր են փոխանցվում կենսաթոշակային վճարներ, որոնց կուտակային մեծությունը նույնիսկ միջին աշխատավարձի պայմաններում բավական մեծ գումար է կազմում։ Գործող օրենսդրության համաձայն՝ կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարները համարվում են կուտակային կեսաթոշակային համակարգի մասնակիցների սեփականությունը։ Միաժամանակ, ըստ նույն հոդվածի՝ այդ գումարները վերջիններս կարող են ստանալ միայն իրենց կեսաթոշակային տարիքը լրանալուց, Հայաստանից արտասահման մշտական բնակության մեկնելուց, ինչպես նաև կառավարության կողմից հաստատված որոշակի հիվանդությունների բուժման նպատակով։ Փաստացի ստացվում է, որ աշխատող քաղաքացին իրեն պատկանող ֆինանսական միջոցները, որոնք նույնիսկ միջին աշխատավարձի դեպքում տարիների ընթացքում կուտակվելով բավական պատկառելի գումար են դառնում, չի կարող օգտագործել նույնիսկ իրեն համար կենսական նշանակության խնդրի լուծման համար, ինչպիսին համարվում է բնակարանի ձեռքբերումը։

Ելնելով վերոգրյալից, նախևառաջ այս ուղղությամբ անհրաժեշտ կլինի համապատասխան փոփոխություններ կատարել կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածում, այն է՝ Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կարգավիճակը և դրանց սահմանափակումները։ Մասնավորապես, նշված հոդվածում պետք է ներառվի հիփոթեքային վարկի կանխավճարի մարման նպատակով կուտակային ֆոնդի մասնակիցների կուտակային գումարներից օգտվելու հնարավորությունը, որը կարող է սահմանափակվել որոշակի վերին շեմով, օրինակ, 5 միլիոն ՀՀ դրամ։

Բնականաբար, տվյալ դեպքում ևս հիփոթեքային կանխավճարի գումարը առձեռն չի տրամադրվի քաղաքացուն։ Այստեղ պետք է կիրառել երաշխիքի տրամադրման մեխանիզմը, ըստ որի՝ քաղաքացու փայը կառավարող կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը ֆինանսական երաշխիք ներկայացնի հիփոթեքային վարկ տրամադրող առևտրային բանկին, որը և կհամարվի որպես հիփոթեքային վարկի կանխավճարի ապահովում և դրա հիման վրա քաղաքացին կանխավճարի գումարի վճարման տրամադրման պարտավորությունից կազատվի:

Պետք է նշել, որ այս տարբերակը բավական հեշտ է կիրառության առումով, քանի որ կուտակային միջոցների փաստացի շարժ տեղի չի ունենալու և կենսաթոշակի կուտակված գումարները կմնան կուտակային ֆոնդում։ Եթե ֆոնդի կառավարիչը գործում է ի շահ համապատասխան փայատեր հանդիսացող վարձու աշխատողի, ապա վերջինիս կուտակային գումարների մասով երաշխիքի տրամադրումը տրամաբանորեն ոչ մի խնդիր չպետք է հարուցի։ Ավելին, հաշվի առնելով այն, որ քաղաքացին իր գումարները բավական երկար ժամանակով տրամադրում է ֆոնդի կառավարիչներին առանց դրանց հուսալիության որևէ երաշխավորության, ապա ֆոնդի կառավարիչների կողմից իրենց ստանձնած պարտավորությունների առնվազն մի մասի երաշխավորության միջոցով հնարավոր կլինի նաև ավելի թափանցիկ ու հսկելի դարձնել վերջիններիս գործունեությունը։

Վերոգրյալը իրագործելու համար, անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ կառավարությունը ՀՀ կենտրոնական բանկի, առևտրային բանկերի և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների հետ քննարկի այս առաջարկը՝ դրա իրագործման հստակ մեխանիզմներ մշակելու համար։

 

Կարդացեք նաև` ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ–ԱՌԱՋԱՐԿ. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ` ՈՐՊԵՍ ՀԻՓՈԹԵՔԻ ԿԱՆԽԱՎՃԱՐ

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Մեկնաբանություն  

0 # Մարյամ Նահապետյան 22.08.2019 10:15
Առաջարկը ողջունելի է,մնաց իրագործվի
Պատասխանել