jkjhkjhkj

18-08-2023 11:09 287

Նոր ուսումնական տարվանից ներդրվելու է հանրակրթական դպրոցների ֆինանսավորման նոր մոդելը, որի շրջանակում մի շարք փոփոխություններ են նախատեսվում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի համոզմամբ ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը համակարգային փոփոխություններ է բերել հատկապես ներառական կրթության ֆինանսավորման մոտեցումներում:

«Նախկինում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաները գնահատվում էին, և գնահատման արդյունքում բարձրացված չափաքանակով ֆինանսավորում էր տրվում հանրակրթական ուսումնական հաստատություններին: Մեր կատարած ուսումնասիրությունները, ինչպես նաև դպրոցների, ծնողների արձագանքները վկայում են այն մասին, որ այդ ֆինանսական միջոցները ոչ այնքան նպատակային են ծախսվել, և դրանք հիմնականում ծառայում էին միայն մանկավարժահոգեբանական հաստիքների ապահովմանը»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ շեշտելով, որ նոր մոդելի կիրարկումը կբարձրացնի համընդհանուր ներառական կրթության արդյունավետությունը:

Ֆինանսավորման նոր մոդելում նոր մոտեցումներ են ամրագրվել: Ֆինանսավորման նոր մոդելի ներդրմամբ առաջին հերթին լուծվում է ուսումնական հաստատությունների մատչելիության խնդիրը: Առաջիկա 3 տարիների ընթացքում դպրոցները, որոնցում առկա չեն հարմարեցումներ, մատչելիության ապահովման համար ստանալու են նպատակային ֆինանսավորում՝ 3 մլն դրամի չափով: Գումարը պետք է ուղղվի շենքի միջավայրային պայմանների բարելավմանը:

«Ավելի քան 20 տարի է՝ տարբեր դպրոցներում իրականացվում է ներառական կրթություն, բայց մեր դպրոցների շենքային պայմանները հիմնականում հարմարեցված չեն, ինչը ներառականության ապահովման լուրջ խոչընդոտ է: Հենց այս խնդրի լուծմանն է ուղղված նոր մոդելի ֆինանսավորումը»,- ներկայացրել է փոխնախարարը։

Հաջորդ բաղադրիչը, որը ևս շատ կարևորել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը, խելամիտ հարմարեցումների ապահովումն է: «21-րդ դարում առկա են բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ, որոնց ապահովումը կրթական գործընթացում հնարավորություն է տալիս բարձրացնելու սովորողների մասնակցության մակարդակը և ավելի ակտիվ ներգրավելու դասապրոցեսին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Փոխնախարարի խոսքով՝ ԿԱՊԿՈՒ երեխաների գնահատման գործընթացում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները գնահատելու են ոչ միայն երեխաների մտավոր, հուզական, սոցիալական, ֆիզիկական զարգացման հնարավորություններն ու կարիքները, այլ նաև եզրակացության մեջ հանդես են գալու առաջարկությամբ, թե ինչպիսի խելամիտ հարմարեցումերի կարիք ունի երեխան: Օրինակ, թույլ տեսողություն ունեցող երեխաների համար սեղանին պետք է դրված լինի խոշորացույց կամ համապատասխան լուսավորություն և այլն:

«Գործընթացն իրականացնելու համար կարևոր է գնահատումներն իրականացնել պատշաճ կերպով: Այս նպատակով հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը նախընթաց տարվա ընթացքում իրականացրել է վերապատրաստումներ, մշակվել է մեթոդական ձեռնարկ, ինչը կդյուրինացնի գործընթացը»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ խելամիտ հարմարեցումների ապահովումը կրթական կարիքի անհրաժեշտ բաղադրիչ է դիտվում։

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակվել է ֆիզիկական միջավայրի հարմարեցման մեթոդական ուղեցույց, որը տրամադրվել է բոլոր հանրակրթական դպրոցներին: Ուղեցույցում ներկայացված է գործիքակազմ, որով հնարավոր է ստուգել, թե ինչ հարմարեցումների կարիք կա դպրոցում՝ հատուկ մասնագիտական գնահատմամբ:

Մասնագիտական կադրերի համալրում՝ ըստ ֆինանսավորման նոր մոդելի

«Ֆինանսավորման նոր մոդելի մյուս բաղադրիչները վերաբերում են մասնագիտական կադրերի համալրմանը, ինչն ուղղված է ներառական կրթության իրականացման որակի բարձրացմանը»,- տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Համընդհանուր ներառական կրթության ներդրման համատեքստում բոլոր դպրոցներում ներդրվել են ուսուցչի օգնականի հաստիքներ, որոնց խնդիրն է աջակցել ուսուցչին, որպեսզի դասը լինի ավելի ինտերակտիվ և մասնակցային:

Ֆինանսավորման նոր բանաձևով դպրոցի սովորողների յուրաքանչյուր 10 տոկոսին մեկ ուսուցչի օգնական է հասնում. օրինակ 100 երեխայի դեպքում դպրոցը կունենա ուսուցչի 1 օգնականի հաստիք:

Մյուս կարևոր հաստիքը, որը նոր է ներդրվում ֆինանսավորման նոր բանաձևով, ըստ Արաքսիա Սվաջյանի, պատահական չի ընտրվել. «Մենք երկար քննարկել ենք, թե մանկավարժահոգեբանական թիմում որ մասնագետի ներկայությունն է դպրոցում խիստ կարևոր ու անհրաժեշտ: Եզրակացությունը հետևյալն է՝ հոգեբանի հաստիքը պարտադիր է բոլոր դպրոցների համար»:

Սեպտեմբերից հանրակրթական բոլոր դպրոցները, կախված իրենց դասարանների քանակից, ունենալու են հոգեբաններ: Հաստիքի ներդրումը փոխնախարարը կարևորել է ոչ միայն ներառական կրթության համակարգի համար, այլև առհասարակ դպրոցում անվտանգ և ապահով միջավայրի ապահովման տեսանկյունից: «Սա լուծելու է մեր առջև դրված այն խնդիրը՝ ըստ որի դպրոցները պետք է լինեն հարմարավետ և ապահով այն միջավայրերը, որտեղ երեխաները ինքնադրսևորման, ինքնարտահայտման, իրենց պոտենցիալը լիարժեք իրացնելու հնարավորություն կունենան»,- եզրափակել է նա:

Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը շեշտել է, որ նոր մոդելի ներդրմամբ պետությունն ավելի մեծ ներդրում է կատարում ներառական կրթության ապահովման ուղղությամբ, հստակ սահմանելով, որ խելամիտ հարմարեցման տեսակը և կարիքը որոշվում է երեխայի կրթական կարիքի գնահատման արդյունքում։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր