jkjhkjhkj

18-09-2023 15:39 11

Շատ կարեւորում ենք հայ-էմրիաթական բիզնես ֆորումը, կա բավական մեծ հետաքրքրություն երկու կողմերից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հայ-էմիրաթական բիզնես ֆորումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը:

«Մասնավորապես, կարող եմ ոլորտները նշել՝ IT ոլորտ, գյուղատնտեսություն, շինարարություն, կառուցապատում, անշարժ գույքի ոլորտ: Հուսով եմ, որ կունենանք ներդրումների հոսք ԱՄԷ-ից: Մենք որպես «մեկ պատուհան» սկզբունքով Հայաստանի ներդրումների աջակցման կենտրոն, սպասում ենք իրենց եւ մեր ամբողջ թիմով պատրաստ ենք աջակցելու, որպեսզի կայանան այդ ներդրումները: Ծավալ չեմ կարող կանխատեսել, բայց հետաքրքրությունը մեծ է իրենց կողմից»,-ասաց նա:

«Այսօր հայ եւ էմիրաթցի գործարարները հնարավորություն կունենա միմյանց հետ ծանոթանալու, եւ ես վստահ եմ, որ իրենք համագործակցության եզրեր կգտնեն: Բավական մեծ թվով ընկերություններ են մասնակցում բիզնես ֆորումին երկու կողմերից էլ: Թե համատեղ ընկերություններ, թե էմիրաթական կողմի ընկերություններ Հայաստանում բացելու հետաքրքրությունը կա»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 18-ին անցկացվում է Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողով։ Համաժողովը կազմակերպվել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։

Համաժողովի շրջանակներում ստորագրվեցին փոխըմբռնման հուշագրեր «Էնթերփրայզ Արմենիա»-ի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ԱՄԷ գործարար կանանց խորհրդի միջև։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր