ՀՀ–ԵՄ միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով կարևոր է ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանի համար 2,6 մլրդ եվրո արժողությամբ առաջատար նախաձեռնությունների արդյունավետ իրականացումը: Այս հարցը Բրյուսելում քննարկվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեիի հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել առկա երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:
Հանդիպմանը նախարար Միրզոյանն ընդգծել է նաև «Սևծովյան էլեկտրական մալուխ» նախագծին ՀՀ-ի միանալու նշանակությունը՝ ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի համատեղ հայտարարությանը համահունչ:
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ոչ միայն կարող է տնտեսական առավելություններ տալ տարածաշրջանի երկրներին, այլև դառնալ խաղաղության կարևոր երաշխիք:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերին:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով