jkjhkjhkj

09-05-2024 11:01 158

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում մայիսի 5-ին կայացել է ԱԶԲ կառավարիչների գործարար նիստը: Նիստի ընթացքում առանձին ելույթով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Նախարար Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԱԶԲ 2030 ռազմավարությանը: Նա նշել է, որ Հայաստանի Կառավարությունն իր առաջնահերթ քաղաքականություններում և ծրագրերում արտացոլում է այդ ռազմավարության նպատակները։ Նա նաև ընդգծել է Ասիական զարգացման հիմնադրամ-14 համալրմանը (2025-2028) որպես դոնոր միանալու ՀՀ որոշումը:

Ֆինանսների նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև այնպիսի խնդիրների և մարտահրավերների, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունների վտանգը, տնտեսական հեռանկարների անորոշությունը, աշխարհաքաղաքական մի շարք իրավիճակներ և այլն: Ըստ նրա՝ այս մարտահրավերներն ընդգծում են միասնական գործողությունների և նորարարական գործընկերության անհրաժեշտությունը:

Նախարար Հովհաննիսյանը հատուկ անդրադարձ է կատարել «Միջին միջանցք» նախաձեռնությանը: Աշխարհաքաղաքական լարվածության աճի պայմաններում սովորական առևտրային ուղիները բախվում են մարտահրավերների: Այս համատեքստում Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան հանդիսանում են կարևոր այլընտրանքային առևտրային ուղիներ Արևելքի և Արևմուտքի միջև: Նա ընդգծել է, որ Հայաստանը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որը կարող է ոչ միայն լրացնել «Միջին միջանցքը», այլև նպաստել տարածաշրջանային երկխոսությանը և երկարաժամկետ խաղաղություն բերել տարածաշրջանին։ Ստեղծելով լրացուցիչ տրանսպորտային ուղիներ՝ կարելի է բարձրացնել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը և բացել աճի հսկայական ներուժը, որը խոչընդոտվել է տարիների հակամարտությունների պատճառով:

««Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցումը, որն իրականացվում է ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ, այս նախաձեռնության կարևոր բաղադրիչն է, և ես հուսով եմ, որ մենք շուտով համաձայնագիր կստորագրենք ԱԶԲ-ի հետ Հարավային հատվածի շինարարությունը սկսելու համար»,- ամփոփել է նախարարը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր