jkjhkjhkj

03-06-2024 15:24 255

2023 թվականին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ծախսել է 705.6 մլրդ դրամ, ինչն ավելի է եղել 2022 թվականի հատկացումից 15 տոկոսով: Տարվա պլանը եղել է 653.7 մլրդ դրամ, սակայն այդ միջոցներն ավելացվել են՝ պայմանավորված ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանմամբ: Տարվա ընթացքում իրականացվել են 17 ծրագիր եւ 107 միջոցառում: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 3-ին քննարկման ներկայացնելով «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության համապատասխան հատվածները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասն ներկայացրել է հաշվետու տարում գերատեսչությունում իրականացրած աշխատանքների կատարողականն ու ֆինանսական հատկացումները: Նախարարի խոսքով իր ղեկավարած կառույցի կատարողականը հաշվետու տարում կազմել է 97.5 տոկոս: Նշվել է, որ 2024 թվականին եւս ավելի շատ են լինելու ծրագրերն ու ֆինանսավորումը:

Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված մեր հայրենակիցներին բնակարաններով ապահովելու հարցին: Բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում «Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրում» միջոցառմանն ուղղվել է 1.6 մլրդ դրամ՝ 839 շահառու ընտանիքի համար:

«2023 թվականին գործուն փուլ ենք տեղափոխել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում, այսպես կոչված, 16 մլն ծրագիրը, համաձայն որի՝ պետությունը 16 մլն դրամի շրջանակում աջակցում է սահմանամերձ գյուղական համայնքներում հիպոտեկով սեփական տուն կառուցելու ծրագրին: Ծրագրի կատարողականը եւ պահանջարկը բավականին մեծ են: 2023 թվականին ունեցել ենք 280 շահառուի հաստատված գործ: Երբ որոշակի լավարկումներ իրականացրեցինք, կարող եմ ասել, որ բնակարանների թիվն անցնում է 1100-ը, որոնցից 660-ն արդեն վարկավորվել են: Բնակարանների մի մասն արդեն պատրաստ է, մարդիկ ապրում են դրանցում, մի մասում էլ տարբեր աստիճանների շինաշխատանքներ են ընթանում»,- ասել է նախարարը եւ հավելել, որ ծրագիրը որոշակիորեն փոփոխվելու է, դառնալու է ավելի թիրախային:

Անդրադառնալով զբաղվածության ապահովման ծրագրերին՝ նախարարը նշել է, որ 2023 թվականին նախարարությունը շարունակել է իրականացնել զբաղվածության ապահովման մի ծրագիր, որը մասնագիտական ուսուցում եւ/կամ կայուն զբաղվածություն է ապահովել Ադրբեջանի կողմից 2016, 2020, 2022 թվականներրն սանձազերծված ռազմական գործողություններին մասնակից 526 անձի համար:

Ծրագիրն իրականացվել է պիլոտային տրամաբանությամբ, ունեցել է երեք բաղադրիչ՝ վերապատրաստում, կրթություն, փորձառության ձեռքբերում, ինչպես նաեւ պետությունը խրախուսել է գործատուներին, որ պատերազմի մասնակիցներին աշխատանքի ընդունի:

«Բացի այդ, ուսումնասիրելով ծրագիրը, մենք հասկացանք, որ այն դրական արդյունքներ է տալիս, եւ ընդլայնեցինք շահառուների ցանկը: 2023 թվականից ներառում ենք ոչ միայն պատերազմի մասնակիցներին, այլ նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածներին: Մինչեւ զորացրվելն էլ որոշակի աշխատանք կատարում ենք հենց զորամասերում՝ փորձելով հասկանալ, թե ինչ սպասելիքներ, հմտություններ, վերապատրաստման ինչ անհրաժեշտություն կարող է առաջանալ: Զորացրվելուց հետո արդեն ունենում ենք որոշակի տվյալներ եւ կարողանում ենք ուղղորդել համապատասխան ոլորտներ եւ ծրագրեր»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:

Նախարարը պատասխանել է պատգամավորների բազմաբնույթ հարցերին, տվել պարզաբանումներ:

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր