jkjhkjhkj

07-06-2024 10:45 280

ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի միջև կնքվել է «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագիրը, որով Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով բյուջետային աջակցություն, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«2023 թ. սեպտեմբերի 12-ին ուժի մեջ մտած համաձայնագիրն ուղղված է Հայաստանի կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը՝ 2021-2026 թթ. Կառավարության ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, մասնավորապես՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրին և դրանից բխող գործողությունների ծրագրի իրագործմանը:

Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023 թ. դեկտեմբերին ՀՀ Կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո: «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» համաձայնագրով նախատեսվում է ՀՀ Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի բոլոր 330 դպրոցներում վերանորոգված և կահավորված ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծում, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստում՝ ժամանակակից մեթոդաբանությամբ։ Նախատեսվում է նաև Սյունիքի մարզում 13 կրթահամալիրի կառուցում, որոնցից 7-ը՝ Կապանում, իսկ 6-ը՝ Գորիսում։ Սյունիքի մարզի 13 դպրոց-կրթահամալիրների նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատված են, որոշ դպրոցների շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Դպրոցների կառուցման, վերանորոգման, լաբորատորիաների ստեղծման բաղադրիչից բացի՝ ծրագիրը ներառում է աշակերտների ուսումնառության արդյունքների գնահատման ազգային համակարգի բարելավման ուղղությամբ աջակցություն։

Լրացուցիչ տեխնիկական աջակցություն է տրվելու ԿԳՄՍ նախարարությանը՝ ապահովելու բոլոր մակարդակներում ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի արդյունավետ իրականացումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր