jkjhkjhkj

07-11-2024 11:42 58

Հայաստանի Հանրապետությունը, լինելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ, միացել է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման Միասնական հաշվետվողական ստանդարտին։ Ստանդարտը ներդրած երկրների հարկային մարմինները, փոխադարձության սկզբունքով, ավտոմատ եղանակով տեղեկատվություն են փոխանակելու՝ ֆինանսական հաստատություններում ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ։

Տեղեկատվության առաջին փոխանակումը 2025 թվականից է․ Հայաստանը շուրջ 120 պետությունների և աշխարհագրական տարածքների հետ, տարեկան մեկ անգամ, փոխադարձության սկզբունքով իրականացնելու է ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակում։ ՀՀ ռեզիդենտ և ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ համարվող՝ ֆինանսական հաստատությունները, մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով հարկային մարմին կներկայացնեն օրենսդրությամբ սահմանված տեղեկատվությունը։

Միասնական հաշվետվողական ստանդարտի կիրարկմանն ընդառաջ՝ արդեն իսկ համապատասխան փոփոխություններ են կատարվել Հարկային օրենսգրքում։ Հայաստանը միացել է նաև իրավական հիմք հանդիսացող միջազգային պայմանագրերին, մասնավորապես, «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիային, ինչպես նաև «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների միջև բազմակողմ համաձայնագրին, որով սահմանվում է նաև համաձայնագրին միացած այն երկրների ցանկը, որոնց հետ Հայաստանը պետք է իրականացնի նման փոխանակում։ Միջազգային պայմանագրերը տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքի «Միջազգային համագործակցություն» բաժնի «Միջազգային հարկային պայմանագրեր» մասի «Այլ պայմանագրեր» ենթաբաժնում:

Կարևորելով հարկային մարմինների միջև փոխանակվող տեղեկատվության գաղտնիության ապահովումը, Պետական եկամուտների կոմիտեն արդեն իսկ հաջողությամբ ներդրել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգը (ISM)։ Միաժամանակ, կոմիտեն ակտիվ աշխատանքներ է իրականացնում տեղեկատվական տեխնոլոգիական հագեցվածությունն ապահովելու նպատակով, մասնավորապես, ՏՀԶԿ տվյալների փոխանցման հատուկ համակարգի (CTS) կիրառման ուղղությամբ։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր