06-03-2019 20:35 817

Asian db

 

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա փոխգործակցության հնարավորությունները։

Շեյն Ռոզենթալը կարևորել է Հայաստանում էներգետիկայի ոլորտի կառավարման բարեփոխումների իրականացումը եւ նշել, որ այն կարող է հնարավորություն ստեղծել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ֆինանսավորման համար՝ ներգրավելով գումարներ առանց պետական երաշխիքի: Այդ համատեքստում նշվել է, որ բանկը հետաքրքրված է բարձրավոլտ ենթակայանների վերազինման, վերակառուցման ֆինանսավորման հարցերով:

Նախարարի պաշտոնակատարը ողջունել է բանկի պատրաստակամությունը զարգացման ծրագրերի իրականացման գործում և վստահեցրել, որ մինչև մարտի 15-ը կքննարկվի անվճար հիմունքներով տեխնիկական աջակցության ցանկալի ձևաչափը և կներկայացվի ԱԶԲ-ին:

Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և վերականգնվող էներգետիկայի բնագավառում իրականացվող քաղաքականությունը, մասնավորապես՝ քամու և արևի ուղղություններով:

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել քննարկումները որոշ ծրագրերի շուրջ, որից հետո անցնել դրանց իրականացման մեխանիզմների մշակման գործընթացին:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր