13-04-2019 11:36 1287

 

Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության առաջարկած բարեփոխումներին: Այդ մասին «Ամերիկայի Ձայնի» հարցին ի պատասխան հայտարարել է Հիմնադրամի՝ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրը:

Նրա խոսքով, Հայաստանի կառավարության կողմից հիմնադրամին առաջարկվելու է հնգամյա ռազմավարական համագործակցության ծրագիր, որը հիմնաված է լինելու երկու հիմնասյուների վրա. Հարկային բարեփախումների ծրագիր, որը հարկերը ավելի թափանցիկ և գործարարների համար ավելի պարզ կդարձնի, և Հայաստանի տնտեսության մեջ մասնավոր հատվածի դերի և ներդրումների աճ:

«Եթե ամեն ինչ ճիշտ ուղղությամբ ընթանա, ապա ԱՄԸ-ն տեխնիկական աջակցություն կցուցաբերի այս բարեփախումներին, որոնք կարեւորագույն հենասյուներ կդառնան ինչպես ֆիսկալ կայունության այդպես էլ Հայաստանի աճի ներուժի զարգացման համար»:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով այս օրերին մասնակցում է Վաշինգտոնում անցնող Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամյա գարնանային համաժողովին, «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում նշեց, որ հայկական կողմը նախատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության ծրագիրը հիմնադրամի տնօրենների խորհրդի հաստատմանը ներկայացնել արդեն մայիսի 17-ին: Փոխվարչապետի խոսքով, թե Համաշխարհային բանկի և թե Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը Հայաստանը զարգացնում է այն ծավալով, որը տեղավորվում է կառավարության ծրագրի մեջ.

«Մենք ունենք հաստատված կառավարության ծրագիր, ունենք բարեփոխումների ծրագրեր և ԱՄՀ-ի և ՀԲ-ի մասնակցության ձեւը, չափը և ժամանակահատվածն ըստ էության դրանց շուրջ են լինելու»:

Գրիգորյանի խոսքով, Համաշխարհային բանկի հետ Հայաստանը համագործակցելու է մարդկային կապիտալի զարգացման եւ արտահանման աճի ոլորտներում, մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունն ընթանալու է հարկային վարչարարության և ներդրումների աճի շուրջ:

Ընդգծելով Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրը հիշեցնում է բարեփոխումների շարունակական բնույն ապահովելու անհրաժեշտությունը.

«Հայաստանի համար շատ կարևոր է շարունակել բարեփոխումները, զարգացնել կառավարումը, բարելավել բիզնես ոլորտը, պահպանել ամուր մակրոտնտեսական կայունություն: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում այս տարի տնտեսական աճը 4.6 տոկոս է կազմելու, իսկ 2020 թվականին՝ 4.5 տոկոս, որը փոքր ինչ ցածր է 2018 թվականից, սակայն, իրականում շատ դրական աճ է»:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր