04-09-2019 14:42 492

 

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ սեպտեմբերի 3-ին հրավիրած նիստում քննության է առել ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգային մի շարք հարցեր:

«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանափակել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը: Միաժամանակ սահմանվում է, որ այդ հաշվիներում առկա եւ հավաքագրվող դրամական միջոցները կուղղվեն համապատասխան բյուջեներ՝ ապահովելով դրանց հետագա բաշխումն անհրաժեշտ ուղղություններով: Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ նախագծերի ընդունմամբ կապահովվի հանրային միջոցների այնպիսի բաշխման համակարգի ստեղծումը, որը կերաշխավորի մի կողմից տնտեսության զարգացման եւ մյուս կողմից՝ պետության անվտանգության ու հասարակության սոցիալական կարիքների հավասարակշռված իրականացման նախադրյալների ապահովումը:

Հարակից խոսքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը կարեւոր է համարել օրենսդրական փաթեթի ընդունումն ու գործընկերներին կոչ արել կողմ քվեարկել:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական փաթեթին՝ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխել գործող օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը: Գործող օրենքով սահմանված են հատուցման՝ հինգ եւ տասը միլիոն ՀՀ դրամ սահմանաչափեր՝ համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների փոխհատուցման համար այն դեպքում, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ: Նախագծով առաջարկվում է դրամային ավանդների փոխհատուցման սահմանաչափը բարձրացնել երկու միլիոն դրամով: Հեղինակի հավաստմամբ՝ նախագծի ընդունումը կխթանի հանրապետությունում ներդրումային ակտիվությունը՝ մի կողմից նվազեցնելով ավանդների դուրսբերումը, մյուս կողմից՝ ներգրավելով նոր ակտիվներ բանկային համակարգ:

Քննարկման ընթացքում Կառավարության ներկայացուցչի՝ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետաձգել հարցի քննարկումը, լրամշակել եւ հանդես գալ համատեղ օրենսդրական նախաձեռնությամբ:

«Հաշվապահական հաշվառման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթով սահմանվում են հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու եւ ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորվում են հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ: Օրենքը տարածվում է ՀՀ-ում պետական գրանցում ունեցող իրավաբանական անձանց (ներառյալ` դրանց ստեղծած հիմնարկների), օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների վրա: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի՝ հիմնական նպատակը աուդիտի որակի բարձրացումն է:

Ելնելով հարցի կարեւորությունից՝ հարակից զեկուցող պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն առաջարկել է հետաձգել հարցի քվեարկությունը, կազմակերպել աշխատանքային քննարկումներ, անհրաժեշտության դեպքում հրավիրել խորհրդարանական լսումներ: Փոխնախարարը տվել է իր համաձայնությունը: Պատգամավորներն օրենսդրական փաթեթին կանդրադառնան մշտական հանձնաժողովի հաջորդ նիստի ընթացքում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով է փորձ արվում առավել հուսալի դարձնել ավանդների երաշխավորության համակարգը, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի ներդրումներ կատարելու համար: Մանե Թանդիլյանի հավաստմամբ՝ առաջարկվում է դրամով ավանդների համար սահմանել 15 մլն ՀՀ դրամ, արտարժույթով ավանդների համար՝ 10 մլն ՀՀ դրամ երաշխավորված ավանդի չափ: Մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ փոփոխությունը կարող է դառնալ Սփյուռքի կողմից մեր երկրի տնտեսության զարգացմանը մասնակցելու խթան, ինչպես նաեւ բարձրացնել բանկային համակարգի նկատմամբ գրավչությունն օտարերկրացիների մոտ՝ հաշվի առնելով նաեւ, որ ոչ ռեզիդենտների խնայողություններն էականորեն ավելի մեծ են ՀՀ քաղաքացիների խնայողություններից եւ առկա երաշխավորության չափերից:

Կառավարությունը դրական եզրակացություն չէր ներկայացրել: Կողմ չեն արտահայտվել նաեւ հանձնաժողովականները: Նշվել է, որ չկան հստակ եւ հիմնավորված վերլուծություններ. արդյո՞ք երաշխավորված ավանդի չափի բարձրացումը կխթանի ներդրումները դեպի բանկային համակարգ:

1կողմ, 4դեմ, 1ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը չի ստացել դրական եզրակացություն:

Պատգամավոր Արտակ Մանուկյանը լրամշակման նպատակով հետաձգել է հեղինակած «Թվային ֆինանսական ակտիվների մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր