25-10-2019 13:35 202

 

Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի գնման ռեզերվների ծավալները հասել են 487,7 մլն դոլարի: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև մենք սպասում էինք, ենթադրում էինք, որ տուրիզմի սեզոնի ավարտին այս միտումը անկում կապրի, բայց մենք ստանում ենք նախանշաններ, որ մեզ մոտ տուրիզմի սեզոն կարող է լինել տարին 12 ամիս»,

- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ խնդիր, որ մեր երկրում այսքան արտարժույթ է հայտնվել: Ի պատասխան Ջավադյանն ասաց, որ սա իսկապես նախադեպ չունի:

«Նույնիսկ 2004-2006 թվականներին, երբ ունեինք ազգային արժույթի կտրուկ ուժեղացում, մենք այս ծավալի արտարժույթ չենք գնել: Դա խոսում է այն մասին, որ մենք ոչ թե արտարժույթի արտահոսք ունենք, որի մասին խոսում են մեր ընդդիմախոսները, այլ ունենք ներհոսք: Մենք ստերիլիզացնում ենք այդ հոսքը, գնում ենք այդ արտարժույթը և այդ ծավալի գումար էլ մտնում է տնտեսության մեջ: Այստեղ երկակի էֆեկտ ունենք, մի կողմից պայքարում ենք դոլարիզացիայի դեմ, մյուս կողմից տնտեսություն ենք ներարկում դրամական միջոցներ: Այդ առումով վստահ եմ, որ այս տարի կունենանք աննախադեպ ռեզերվների ծավալ»,

- ասաց ԿԲ նախագահը:

Արթուր Ջավադյանն ավելացրեց, որ այս տարվա սեպտեմբերին այդ ռեզերվները մոտ 200 մլն դոլարով ավելի են, իսկ հոկտեմբերին ու տարեվերջին կունենանք ավելի լավ ցուցանիշներ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր