Կենտրոնական բանկի (ԿԲ) այցելուների կենտրոնը միացել է Թանգարանների միջազգային օրվան (մայիսի 18) նվիրված եւ «Թանգարանների գիշեր» (մայիսի 20) միջոցառումներին:
Կենտրոնի մուտքը 2023թ. մայիսի 18-ին բաց կլինի կենտրոնի աշխատանքային ժամերին՝ ժամը 09:00-18:00, իսկ մայիսի 20-ին՝ ժամը 11:00-24:00:
Թանգարանների միջազգային օրը եւ «Թանգարանների գիշեր» միջոցառումներն անցկացվելու են «Թանգարաններ, կայունություն եւ բարեկեցություն» խորագրի ներքո։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոյեմբերի 22-ին նշվելու է ազգային արժույթի՝ դրամի 30-ամյակը, Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի աշխատակազմը այդ օրերին առավել մանրամասն կանդրադառնա հայկական թագավորությունների մետաղադրամներին, Հայաստանի առաջին եւ երրորդ հանրապետությունների դրամական թողարկումներին, այցելուներին կտրամադրվի «Հայկական դրամի տարեգրությունը» տեղեկատվական նյութը»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում։
Այցելուները նաեւ հնարավորություն կունենան դիտել դրամի պատմության վերաբերյալ ֆիլմեր, նաեւ՝ «Գնաճի հրեշը» եւ այլ տնտեսագիտական մուլտֆիլմեր:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով