26-05-2019 13:32 264

 

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնել է, որ գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով։

Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթում ի սկզբանե առաջարկվում էր կտրուկ բարձրացնել գրավատների և արտարժույթի փոխանակման կետերի պետտուրքը։ Մասնավորապես, առաջարկվում էր գրավատների պետտուրքը սահմանել տարեկան 6 մլն դրամ (ներկայիս 100,000 դրամի փոխարեն), իսկ փոխանակման կետերինը՝ 3 մլն դրամ յուրաքանչյուր կետի համար (ներկայիս 50,000 փոխարեն)։

«Հաշվի առնելով, որ առաջարկվող չափերը մեծ բեռ կհանդիսանան տվյալ ոլորտի տնտեսվարողների համար և կհանգեցնեն նրանց մի մասի փակմանը, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում առաջարկվող չափերը քննարկման առարկա դարձան։ Կառավարության և Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գրավատների և փոխանակման կետերի պետտուրքերը կլինեն ոչ թե 6 և 3 մլն դրամ, այլ մի քանի անգամ ավելի քիչ», - գրել է պատգամավորը։

Նա նշել է, որ պետտուրքի չափերը կվերանայվեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում և երկրորդ ընթերցմանը կառավարությունը կներկայացնի ԱԺ-ի հետ համաձայնեցված լրամշակված տարբերակ՝ պետտուրքի ցածր դրույքաչափերով։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր