28-12-2018 14:29 6800

 

ԵվրոԱսիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալ, ՀՀ-ում ներկայացուցչության ղեկավար Սամվել Ճզմաչյանի հարցազրույցը Finagent.am կայքին

Պարոն Ճզմաչյան, ընթացիկ տարին մոտենում է ավարտին։ Հայտնի է, որ այս տարին բացառիկ էր Հայաստանի նորագույն պատմության մեջ նախ քաղաքական առումով: Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ տնտեսական էֆեկտ ունեցավ իշխանափոխությունը։

Իշխանափոխությունը կամ, կուզեք, անվանեք այն հեղափոխությունը իշխանության ղեկին բերեց նոր ուժեր, որոնց հետ ժողովուրդը մեծ հույսեր է կապում: Այդուհանդերձ՝ դեռ շատ կարճ ժամանակ է անցել, ընդամենը հաշված ամիսներ, որոնք քիչ են տնտեսական էֆեկտ ստանալու համար: Ակնհայտ է այն, որ իշխանությունը պատերազմ է հայտարարել կոռուպցիային և խիստ պայքարում է դրա դեմ: Այնուամենայնիվ, գոյություն ունի, այսպես ասած «կոռուպցիայի պահպանման օրենքը». կոռուպցիան չի առաջանում ինչ որ տեղից և ոչ մի տեղ էլ չի անհետանում, այն ընդամենը մեկ կաբինետից անցնում է մեկ այլ կաբինետ: Դրա համար է, որ աշխարհի և ոչ մի երկրում դեռ չի հաջողվել վերջնականապես վերացնել այդ չարիքը, բայց միևնույն ժամանակ հասկանալի է, որ կան չափ ու սահման, որոնց «դեմ չառնելու» պարագայում կոռուպցիան սկսում է քանդել պետության հիմքերը: Հենց դրա համար է, որ կոռուպցիայի դեմ պայքարն, անշուշտ, չափազանց կարևոր է: Ինչպես ասում են, կոռուպցիայով զբաղվողները պետք է հասկանան ի վերջո, որ ավելի լավ է լինել աղքատ, բայց ազատության մեջ:

Եթե դիտարկենք 2018թ. առաջին 11 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները (ամբողջ տարվա վիճակագրությունը կհրապարակվի 2019թ. հունվարի 20), ապա կարելի է փաստել, որ Հայաստանը կարողացել է խուսափել տնտեսական մեծ ցնցումներից, որոնք, սովորաբար, ուղեկցում են բոլոր հեղափոխությունները: Բոլոր ինդիկատորները, ինչպես ասում են, կանաչ լույսի ներքո են, այսինքն պահպանում են դրական դինամիկան: Բացառություն է կազմում միայն գյուղատնտեսության ոլորտը, որն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ բացասական միտում է գրանցել՝ մոտ 8%: Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 105,7%.Ծառայությունների ոլորտն առհասարակ երկնիշ աճի տեմպ է գրանցել: Կան նաև մտահոգիչ ազդակներ: Մասնավորապես, եթե 2017թ. ներմուծումը գերազանցում էր արտահանումը ընդամենը 1,5 անգամ, ապա այժմ այդ տարբերությունն 2 անգամից ավելի է, այսինքն արտաքին առևտրաշրջանառության բացասական սալդոն հասել է $2,3 մլրդ: Մեր երկիրը շարունակում է ավելի շատ սպառել, քան արտադրել, և սա լավ չէ:

Հայաստանում քաղաքական փոփոխություններն արդեն, կարելի է ասել, ավարտված են, նոր իշխանությունը բացարձակ մեծամասնությամբ է ներկայացված ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ Քաղաքապետարանի ավագանու խորհրդի կազմում: Այդպիսով, այն կարող է հեշտությամբ ընդունել սեփական որոշումները, այդ թվում, ինչպես ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սպասվող տնտեսական հեղափոխության մեջ: Այստեղ ցանկանում եմ նախազգուշացնել իշխանությանը չշտապել նոր, չվերլուծված որոշումների ընդունման գործում, հատկապես հարկային օրենսդրությունում: Անցյալում ամեն բան չէ, որ այդքան «մուգ էր և սև», դրա համար բարեփոխումներին պետք է բավականին զգուշորեն մոտենալ, մանրակրկիտ կշռադատել յուրաքանչյուր քայլը և բոլոր հնարավոր հետևանքները: Ոչ ոք ապահովագրված չէ սխալներից, բայց պետք է փորձել հասցնել դրանք նվազագույնի:

Այսպիսով, ամփոփելով ասածս, կարող եմ փաստել, որ տնտեսական էֆեկտին անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ, քան 6-7 ամիսն է: Կապրենք-կտեսնենք, թե որքանով նոր կառավարությունը կարդարացնի ժողովրդի սպասելիքներն ու հույզերը:

Որքանո՞ վ է այսօրվա հայկական բանկային համակարգը մրցունակ ԵԱՏՄ բանկերի համեմատ:

Ես հենց ներկայացնում եմ եվրասիական ֆինանսաբանկային կառույցը, որը զբաղվում է այդպիսի հարցերով, նաև ինտեգրացիոն միությանը մասնակցող երկրների բանկային համակարգերի համեմատությամբ: Մեր երկիրը փոքր է, ուստի առևտրային բանկերի ակտիվների տեսանկյունից մենք չենք կարող համեմատվել Ռուսաստանի և Ղազախստանի հետ, նույնիսկ Բելառուսի հետ (բացառությամբ Ղրղզստանի): Մեկ այլ բան է կապիտալը, որի նվազագույն չափը Հայաստանում գործող բանկերի համար կազմում է 30 միլիարդ դրամ (մոտ 62 միլիոն դոլար), որը ոչ բոլոր ռուսաստանյան կամ ղազախական բանկերը կարող են թույլ տալ: Ուստի, Հայաստանի բանկային համակարգը կայունության և հուսալիության տեսակետից բավականին մրցունակ է ԵԱՏՄ տարածքում:

Կա միայն մեկ վտանգ, այն է, որ տնտեսության աճով բանկերը նույնպես պետք է խոշորանան, որպեսզի համապատասխանեն աճող պահանջարկին: Դրա համար հայկական առևտրային բանկերի սեփականատերերը և ղեկավարները պետք է լինեն հետևողական, որպեսզի չհայտնվեն այնպիսի իրավիճակում, երբ օտարերկրյա բանկերը բացեն իրենց «դուստր» ներկայացուցչությունները, իսկ գործող բանկերը դուրս մնան շուկայից:

ՌԴ ֆիննախն արդեն հայտարարել է, որ առաջիկա երկու տարում ԵԱՏՄ երկրներում կներդրվի միասնական արժույթ: Ձեր համոզմամբ՝ արդյոք դա կարող է վտանգել ազգային արժույթների, մասնավորապես հայկական դրամի ճակատագիրը։

Հասկանալի է, որ ներկայիս բարդ միջազգային պայմաններում, ԵԱՏՄ երկրները փորձում են ինչ-որ կերպ դիմադրել ԱՄՆ դոլարի հոսքի ավելացմանը իրենց տարածքում: Այնուամենայնիվ, պետք չէ շատ քաղաքականացնել այս հարցը, քանի որ դեդոլարացման գործընթացը, փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների կիրառման ավելացումը և այդպիսով դոլարից կախվածությունը ձեռնտու է ԵԱՏՄ բոլոր երկրներին առանց բացառության: Նախ այն շահեկան է տնտեսական առումով, քանի որ նվազեցնում է կախվածությունը զարգացող երկների ֆինանսական շուկաների տատանումներից:

Միևնույն ժամանակ, օրինակ, Եվրամիության մի շարք երկրներ չեն անդամակցում եվրոյի միասնական գոտուն, և կիրառում են սեփական ազգային արժույթը: Օրինակ, Չեխիայի Հանրապետությունը: Մյուս կողմից, օրինակ, Ֆրանսիան և Գերմանիան հրաժարվել են իրենց ազգային ֆրանկից և մարկայից ի օգուտ եվրոյի:

Կարծում եմ, որ ցանկացած պարագայում Հայաստանը կպահպանի ազգային արժույթը: Հատկապես, որ ԵԱՏՄ-ի բոլոր երկրները, բացառությամբ Ռուսաստանի, այս փուլում մտադիր չեն հրաժարվել իրենց ազգային արժույթներից: Որոշ հարցերում Հայաստանի Կենտրոնական բանկն վարում է այնպիսի քաղաքականություն, որը չի թուլացնում դրամի դերը, նշանակությունը և կայունությունը: Ի դեպ, դրամն այժմ ԵԱՏՄ-ում ամենաճկուն արժույթն է համարվում, այն արժանապատվորեն հաղթահարեց նույնիսկ երկրի քաղաքական վերափոխումը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկացած երկրի տնտեսության հիմնական նպատակը ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրացնելն է, Կենտրոնական բանկը իր քաղաքականությունում չպետք է սահմանափակվի միայն ազգային արժույթի կայունության պահպանմամբ: Որոշ դեպքերում, իհարկե, ոչ կտրուկ, բայց դրամի մի փոքր թուլացումը կարող է նույնիսկ նպաստել տնտեսությանը, խթանել արտահանումը:

Չնայած կապիտալի համարժեքության բարձր մակարդակին, հայկական բանկային շուկայի առնվազն խոշորագույն խաղացողների շրջանում, դրա օպտիմալ օգտագործման հնարավորությունները դեռ սահմանափակ են։ Ինչպիսի՞ հեռանկար եք կանխատեսում Դուք:

- Այս հարցի պատասխանը ուղղակիորեն կապված է ձեր առաջին հարցի հետ: Եթե Հայաստանի կառավարությունը կարողանա իրականացնել հստակ բարեփոխումներ և իր քաղաքականության արդյունքում ապահովել տնտեսական զգալի էֆեկտ, ապա բանկային կապիտալի օպտիմալ օգտագործման համար կստեղծվեն նոր և ընդարձակ հնարավորություններ: Այսպիսով, նոր ներդրումային ծրագրերը և բիզնես նախագծերը, հատկապես խոշորները, չեն կարողանա հաջողվել առանց բանկային կապիտալի ներգրավման: Հատկապես, որ բանկերի միջև թեժ մրցակցությունն արդեն հանգեցրել է վարկային տոկոսների զգալի նվազման, և այս միտումը, համոզված եմ կշարունակվի:

Զրուցեց Լիլիթ Ասլանյանը

Կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է FinAgent.am լրատվական-վերլուծական ռեսուրսին։ Նյութերի մասնակի կամ ամբողջական արտատպումը այլ ԶԼՄ-ների կողմից առանց պատշաճ հղման արգելվում է։ Շնորհակալություն մեր աշխատանքը հարգելու համար։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր