26-03-2019 13:15 4150

 

ՀՀ կառավարությունն առաջարկում է բարձրացնել բաժնետիրական ընկերությունների հաշվետվողականությունը, փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության մակարդակը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Նախագծերն ուղղված են գործարար միջավայրի բարելավմանը: Դրանք մշակել են բաժնետիրական ընկերություններում կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառումն ընդլայնելու, կազմակերպությունների կառավարման թափանցիկության և հաշվետվողականության աստիճանը բարձրացնելուն, միևնույն ժամանակ փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունն ավելացնելու նպատակ ունեն: Օրենսդրական կարգավորումները կնպաստեն նաև արժեթղթերի շուկայի զարգացման նախադրյալների ընդլայնմանը և այդպիսով մասնավոր հատվածում ներդրումների իրականացման համար պայմանների բարելավմանը»,-ասաց նախարարը:

Նա ներկայացրեց նախագծով առաջարկվող էական փոփոխություններ: Մասնավորապես առաջարկվում է սահմանափակել դուստր և կախյալ ընկերությունների կողմից հիմնական ընկերության թողարկած բաժնետոմսերի ձեռքբերումը: Դուստր և կախյալ ընկերություններում հիմնական ընկերության որոշումները ազդեցիկ են: Նախարարը կատեց` դա հաճախ առաջացնում է այնպիսի իրավիճակներ, որոնք չեն նպաստում կազմակերպության կողմից որոշումների ընդունման թափանցիկությանը: Հիմնվելով միջազգային փորձի վրա` առաջարկվում է կիրառել այդ սահմանափակումը:

Առաջարկում է սահմանել, որ բաժնետերերի ժողովում որևէ դասի արտոնյալ բաժնետոմսերով նախատեսված իրավունքների սահմանափակմանը վերաբերող որոշում կարող է ընդունվել միայն այն պարագայում, երբ այդ որոշմանը կողմ են քվեարկել տվյալ դասի արտոնյալ բաժնետոմսերի 3/4-ի սեփականատերերը:

Սահմանափակումը վերաբերելու է արտոնյալ բաժնետոմսերի համար որոշված շահաբաժինների նվազեցման հաշվարկման և կամ վճարման կարգին վերաբերող փոփոխությունների իրավունքների սահմանափակմանը: «Բացի սովորական բաժնետոմսերից ընկերությունները կարող են թողարկել նաև արտոնյալ բաժնետոմսեր, որոնց նկատմամբ կիրառվում են հաստատուն կամ արժեքից կախված երաշխավորված եկամտաբերության կանոններ: Առաջարկվում է սահմանել, որ նման որոշումները ընկերությունում կարող են ուժի մեջ մտնել միայն այն դեպքում, եթե այդպիսի որոշմանը մասնակցել են նաև 10 տոկոս կազմող արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը»,-նշեց նախարարը:

Կառավարությունն առաջարկում է նաև, որ բաց բաժնետիրական ընկերություններում տնօրենների խորհրդում լինեն անկախ անդամներ: Անկախ տնօրենի համար առաջարկվում են որոշակի սահմանափակումներ:

Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց` փաթեթը նպատակ ունի ամբողջությամբ բարելավել այն պայմանները, որոնցով գործում են կազմակերպությունները, և բարձրացնել դրանց նկատմամբ հանրային վստահության աստիճանը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր