03-04-2019 11:40 3252

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի գլխավորած սփյուռքահայ ներդրողների խմբին:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ներդրողների հետ հանդիպումները և բիզնես միջավայրի բարելավման, տարբեր ներդրումային ծրագրերի շուրջ քննարկումները: Վարչապետը նշել է, որ դրանք լավ հնարավորություն են տալիս կառավարության անդամներին լսել գործարարների բարձրացրած հարցերը, խնդիրներն ու առաջարկությունները:

Գագիկ Մակարյանը տեղեկացրել է, որ ոգևորված Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով՝ արտերկրից մոտ ժամանակներս պատրաստվում են Հայաստան ժամանել ներդրողների նոր խմբեր, որոնք շահագրգռված են գործարար միջավայրի բարելավման պայմաններում մեր երկրում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմամբ: Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքերը ներդրողների շրջանում գնալով ամրապնդվում են և դա լավ հնարավորություն է նոր ներդրումներ ներգրավելու:

Այնուհետև ներդրողները վարչապետին են ներկայացրել էներգետիկայի, շինարարության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերը, որոնց շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ողջունում է գործարարների նախաձեռնությունները և պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակել ներդրումային ծրագրերի կյանքի կոչմանը: Վարչապետն առաջարկել է նաև, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում ծանոթանալ կառավարության ներկայացրած ներդրումային փաթեթներին և հնարավորության դեպքում մասնակցել դրանց մրցույթներին:

Ներդրողները նշել են, որ ողջունում են Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության քաղաքականությունն ու գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը և համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն ոչ միայն արտասահմանցի ներդրողների ներգրավմանը, այլև հայրենիքում սփյուռքահայ գործարարների ներուժի համախմբմանը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր