03-05-2019 11:03 379

 

Մայիսի 2-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ-Սայեղին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ վերջին շրջանում հայ-էմիրաթական հարաբերություններում արձանագրված դինամիկան, առկա բարձր քաղաքական երկխոսությունը և պարբերական բարձրաստիճան փոխայցելությունները ամուր հիմք են հանդիսանում երկու բարեկամ երկրների միջև ձևավորված բազմաոլորտ համագործակցության առավել զարգացման համար: ԱԳ նախարար Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ գործադրվող ջանքերը հնարավորություն են ընձեռում շոշափելի արդյունքներ գրանցել նաև համագործակցության այլ ոլորտներում:

Զրուցակիցները համակարծիք էին, որ այսօր մեկնարկած հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը նոր լիցք կհաղորդի երկկողմ տնտեսական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Որպես համագործակցության առաջնային ուղղություններ առանձնացվեցին ֆինանսական, առևտրա-տնտեսական, սննդի ապահովության և գիտակրթական ոլորտները: Երկուստեք կարևորվեց նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին ներկայացրեց կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանման համար բարենպաստ միջավայրի ձևավորումն է: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկելու բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտներում համագործակցության ակտիվացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

Սկզբնաղբյուր` 

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր