04-05-2019 00:14 370

 

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը «Ինժեներական քաղաքում» մայիսի 3-ին հանդիպեցին հայկական ծագմամբ բարձր տեխնոլոգիական արտադրության շուրջ 60 ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման հիմնական թեման վերաբերում էր դեպի միջազգային շուկաներ բարձր տեխնոլոգիական արտադրության արտահանմանը, միջազգային հարթակում համագործակցության արդյունավետ գործիքների մշակմանը, նպատակների և ոլորտների հստակեցմանը, միջազգային շուկա մուտք գործելու իրավական ընթացակարգերին և մի շարք այլ հարցերի:

Հակոբ Արշակյանը հատկանշական համարեց, որ հանդիպումը տեղի է ունենում «Ինժեներական քաղաք»-ի տարածքում, քանի որ այս տարի ամռանն այստեղ սկսվելու է «Ինժեներական քաղաք»-ի շինարարությունը, որը հնարավորություն կտա մեկտեղել տեխնոլոգիական ներուժը: Արդյունքում ընկերությունները հնարավորություն կունենան ավելի սերտ համագործակցելու, ինչպես նաև օգտագործելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության ընձեռած հնարավորությունները։

Նախարար Արշակյանը նշեց, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ կառավարության հիմնական առաջնահերթությունն է: Անդրադառնալով եղած հնարավորություններին և ներուժին՝ Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ տեխնոլոգիական աշխարհում այլևս սահմանները ջնջված են, և համագործակցության արդյունքում է, որ լայնամասշտաբ խնդիրներ են լուծվում։ Խոսելով անցկացվող հանդիպման նպատակի մասին՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշեց, որ պետք է հստակ ձևակերպվի տեխնոլոգիական համայնքի պահանջարկը՝ ի՞նչ գործիքակազմով է հնարավոր միջազգային համագործակցության հարթակներ դուրս գալ, հասկանալ՝ ո՞րն է արդյունավետ համագործակցությունը և առաջ գնալ։

Իր խոսքում նախարար Մնացականյանն ընդգծեց, որ նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է։ Նրա խոսքով՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա են բազմաթիվ հնարավորություններ ձևավորելու համապատասխան հարթակներ՝ տեխնոլոգիական ոլորտի մասնավոր ընկերությունների կարողությունները մեր միջազգային գործընկերներին ներկայացնելու և համագործակցության նոր հեռանկարներ ուղենշելու համար։

Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ տեխնոլոգիական ոլորտի մասնավոր հատվածը բավական կազմակերպված ու համախմբված է, կարող է հանդես գալ միասնական մոտեցումներով՝ հնարավորություն տալով հստակեցնելու մեր ընդհանուր նպատակները։

Հանդիպման ընթացքում ծավալված ակտիվ քննարկման ընթացքում բարձրացվեցին մի շարք խնդիրներ, որոնց տրվեցին պարզաբանումներ, մի շարք հարցերի շուրջ հստակեցվեցին մոտեցումները, արդյունավետ գործունեության հնարավորությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նման հանդիպումները շարունակական բնույթ կունենան։

Մանրամասների համար այցելեք` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն պաշտոնական կայք

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր