09-10-2019 14:57 239

 

Հայաստանում «WCIT-2019»-ի աննախադեպ թվով մասնակիցները, բազմաթիվ ուղղություններով քննարկումներն ու արդեն իսկ ստացած դրական արձագանքները համաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանին թույլ են տալիս նկատելու, որ իրադարձությունը հաջողված էր:

Ալեքսանդր Եսայանը նման տեսակետ հայտնեց համաժողովի շրջանակում հրավիրված ասուլիսում:

«Երեկ երեկոյից շատ արձագանքներ եմ ստացել՝ հատկապես հատուկ հյուրերից, ովքեր Հայաստան էին ժամանել արտերկրից: Երբ պլանավորում էինք այս համաժողովը, մենք ակնկալում էինք 2000-2500 մասնակիցներ, այսօր մենք ունենք ավելի քան 6000: Դա ցուցիչ է, որ օրակարգը հետաքրքիր է եղել: Կարծում եմ, որ դա արդեն լավ արդյունք է: Բացի այդ, շատ մարդկանց հետ, ովքեր ժամանել էին տարբեր երկրներից, ունեցանք բավական թվով քննարկումներ տարբեր ուղղություններով: Սա ևս մեկ ցուցիչ է՝ ասելու, որ իրադարձությունը հաջողված էր»,

-ասաց Եսայանն ու հավելեց՝ Հայաստանում շատ համաժողովներ են անցկացվել, բայց նկատի ունենալով համաժողովի մասշտաբները, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների մասնակցությունը, այն համարում է տեխնոլոգիաների ոլորտի ամենամեծ իրադարձությունը, որ երբևէ եղել է:

Եսայանը նշեց՝ այդ ամենի համար մեծ նախապատրաստական աշխատանք էր տարվել: Այդ աշխատանքում մեծ մասնակցություն են ունեցել նաև գործընկերները՝ PicsArt-ը և Հայաստանի բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ):

PicsArt ընկերության համահիմնադիր Հովհաննես Ավոյանը կիսեց Եսայանի այն տեսակետը, որ WCIT-ը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում անցկացված ամենամեծ համաժողովն է: Նա նկատեց՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները տպավորված էին Հայաստանի ՏՏ համայնքով:

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վասկեն Յակուբյանը նշեց, որ իրենք շատ պատճառներ ունեին՝ աջակցելու համաժողովի աշխատանքների կազմակերպմանը: Նա նկատեց՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի զարգացման առաջնահերթություններից է, և ինքը կարծում է, որ համաժողովը կատարյալ հարթակ էր դրա համար: Յակուբյանը նկատեց՝ համաժողովը եռօրյա էր, բայց այն, ինչը կհաջորդի դրան, ևս շատ կարևոր է, նա կարևոր համարեց Հայաստանի ռեսուրսները սփյուռքի հետ կապելը:

«WCIT-2019»-ի կազմակերպչական կոմիտեի ներկայացուցիչները բազմաթիվ զանգեր ու հաղորդագրություններ են ստացել հայկական ընկերություններից, ոմանք նշել են, որ համագործակցության համար նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել, իսկ ոմանք էլ արդեն իսկ ունեցած համագործակցությունն ամրապնդել են «WCIT-2019»-ի շրջանակում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր