18-10-2019 00:11 341

 

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը հրավիրված ասուլիսում հայտնեց, որ Հայաստանում WCIT 2019՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցած մի քանի բանախոսներ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (ԱՏՁՄ) հաղորդագրություն են ուղարկել՝ նշելով, որ ցանկանում են երկրում ներդրում կատարել: 

«Համաժողովն անցել է սպասումներին համապատասխան, դեռ մի բան էլ ավելի: Բոլոր բանախոսների հետ կապի մեջ ենք, առանձին-առանձին զրուցում ենք ցանկացածի հետաքրքրությունների մասով: Որոշներն արդեն նամակներ են ուղարկել, որ ուզում են ներդրումներ կատարել Հայաստանում՝ թե ընկերությունների, թե վենչուրային ֆոնդերի համար:»

Ներդրումներ կատարելու ցանկություն հայտնածների անունները Եսայանը դեռ չհնչեցրեց, սակայն նշեց, որ դիմողների քանակը 4-ից ավելի է:

Համաժողովի շրջանակում հայաստանյան տարբեր ընկերություններ հանդիպումներ են ունեցել արտերկրից ժամանած անձանց, ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ համագործակցության նպատակով: Եսայանը հայկական ընկերություններին հորդորեց բարձրաձայնել համաժողովի շրջանակում ձեռք բերված համագործակցությունների մասին, թեև նշեց, որ որոշների մասին իրենց տեղեկացրել են հաղորդագրություններով:

Եսայանը նաև շատ արձագանքներ է ստացել Հայաստանում գրասենյակներ ունեցող արտասահմանյան ընկերություններից: Նրանցից որոշները Հայաստանում գործունեությունն ավելի մեծացնելու որոշում են ընդունել: Իսկ Սան Խոսեի պետական համալսարանում մտածում են հայաստանյան բուհերի հետ համագործակցության մասին: SkyDeck աքսելերատորն արդեն հայկական ստարտափերի հետ աշխատում էր, և համաժողովից հետո դրական լիցքերով շարունակում են քննարկումները:

Եսայանը շեշտեց՝ Հայաստանն այդ 3 օրերին դարձավ կենտրոն: Նրա խոսքով՝ հետազոտություն են անում, սակայն արդեն ունեն նախնական տվյալներ, որ Google-ում Հայաստան բառով որոնումներն այդ օրերին մի քանի անգամ գերազանցել են նախկինում նույն ժամանակահատվածում երբևէ արված ամենաշատ որոնումների քանակը։

Հայաստանում WCIT 2019-ի անցկացման համար ծախսվել է ավելի քան 5 մլն դոլար, պետությունն աջակցել է համերգի կազմակերպման համար՝ բյուջեից հատկացնելով 450 մլն դրամ: Եսայանը նշեց, որ մեծ գումար է ներգրավվել ԱՏՁՄ-ի և հովանավորների միջոցով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր