Տնային պայմաններում պատրաստված օղու մեջ հայտնաբերվել է «մեթիլ» սպիրտ, որի օգտագործման արդյունքում առաջացել է 9 անձի մահ. դատախազը գործն ուղարկել է դատարան:
Այս մասին դատախազությունը հետևյալ հաղորդագրությունն է տարածել.
«2020 թվականի օգոստոսի 31-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել Ոստիկանության Արմավիրի բաժին այն մասին, որ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ՝ ծանր վիճակում, բուժօգնության են դիմել Արմավիր քաղաքի մի խումբ բնակիչներ:
2020 թվականի սեպտեմբերի 1-ին Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նախկին Քրեական օրենսգիրք) 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հարուցվել էր քրեական գործ (վարույթ):
Նույն ժամանակահատվածում «սուր ալկոհոլային թունավորում» և «թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Արմավիր քաղաքի 30 բնակիչ:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացի Ա.Հ.-ն, չունենալով պետական գրանցում և հատուկ թուլտվություն (լիցենզիա), 5 տարի՝ 2015 թվականից մինչև 2020 թվականը, Արմավիր քաղաքի իր տանը, սպիրտը նոսրացնելու եղանակով պատրաստել է օղի, ինչպես նաև այլ ալկոհոլային խմիչքներ, որոնք վաճառելով՝ ստացել է շահույթ՝ պետությանը պատճառելով 75 մլն 73 հազար դրամի վնաս:
Ա.Հ.-ն, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու ընթացքում, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Ա.Ա.-ի միջոցով՝ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Ա.Վ.-ից ձեռք է բերել 1000 լիտր սպիրտ և, չնախատեսելով անհայտ ծագման սպիրտի մեջ հնարավոր «մեթիլ» սպիրտի առկայությունը, սպիրտը ջրով նոսրացնելով՝ պատրաստել է եռակոմպոնենտ խառնուրդ պարունակող հեղուկ և որպես ալկոհոլային խմիչք՝ վաճառել է՝ առաջացնելով 9 անձի մահ և 1 անձի առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով