Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 21-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծին, որի մշակումը բխում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի քննության արդյունքում կայացվող որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսման, ինչպես նաև այդ ինստիտուտների կիրառության արդյունքում ծագած մի շարք գործնական խնդիրների լուծման անհրաժեշտությունից:
Նախագծի ընդունման արդյունքում սահմանվելու են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ներկայացվող հաղորդումներին ներկայացվող պահանջները:
Օրինագծով նախատեսվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հարցի քննության արդյունքով կայացվող որոշումների, ինչպես նաև դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումների բողոքարկման հնարավորություն: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը իրականացնելու է Բարձրագույն դատական խորհրդի 4 անդամ ընդգրկող կազմը:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությամբ զբաղվող Բարձրագույն դատական խորհրդի կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր և ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված երկուական անդամներ:
Կարգապահական վարույթ հարուցող մարմնի և Բարձրագույն դատական խոհորդի համար հնարավորություն է նախատեսվելու հարուցված կարգապահական վարույթները և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված երկու և ավելի միջնորդությունները միավորելու մեկ վարույթում:
Օրինագծով սահմանվում է նաև, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումներն ուժի մեջ են մտնելու հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացնելու է Բարձագույն դատական խորհուրդը՝ տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկած անդամների կազմով: Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության հարցի մասին որոշումների դեմ բողոքի քննությունը իրականացնելու է նույն ընթացակարգով և երաշխիքների պահպանմամբ, ինչ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը:
Վենետիկի հանձնաժողովի առաջարկությամբ հստակորեն սահմանվել է, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված, եթե այդ որոշման օգտին կողմ են քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով