jkjhkjhkj

18-08-2023 12:50 374

«Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել և իրականացվել են մի շարք ապացուցողական և վարութային գործողություններ, որի արդյունքում հիմնավորվել է, որ «Գավառ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ նախկին տնօրենը, 2003 թվականից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դիտավորությամբ, 2006-2020 թվականների ընթացքում, 8 անձանց հրամանագրել է նշված դպրոցի տարբեր հաստիքներում /պահակի, հնոցապանի, հավաքարարի/ և յուրաքանչյուր ամիս շարունակաբար կազմել, իր ստորագրությամբ և դպրոցի կնիքով վավերացրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակության փաստեր հաստատող, բովանդակությամբ կեղծ աշխատաժամանակի հաշվարկի և աշխատավարձի վճարային տեղեկագրերը, որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել՝ նշված անձանց կողմից իբր աշխատանքի պատշաճ հաճախելու և իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու վերաբերյալ:

Այնուհետև, բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթերն օգտագործելու նպատակով, դրանք հանձնել է իրավասու մարմնին՝ վճարման, որի արդյունքում նշված ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամիս, նրանց փոխարեն և նրանց անվամբ ելքագրված աշխատավարձի գումարները վատնելու եղանակով, հիշյալ անձանց օժանդակությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, հափշտակել է պետական բյուջեի միջոցներից տարիների ընթացքում դուրս գրված ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 14.307.433 ՀՀ դրամ:

Բացի այդ, դպրոցի տնօրենը, 2008-2019 թվականների ընթացքում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, դպրոցում սովորող 11 անձանց կողմից տևական ժամանակով Հայաստանի Հանրապետությունից բացակայելու և դպրոց չհաճախելու պայմաններում չի կատարել իր գործառութային պարտականությունները։

Մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով նշված աշակերտներին դպրոցից հեռացնելու փոխարեն, դպրոցում աշակերտների թվաքանակի նվազմամբ պայմանավորված ֆինանսավորման չափը չնվազեցնելու շահադիտական դրդումներով, միասնական դիտավորությամբ, հանձնարարել է դպրոցի մանկավարժական անձնակազմին անտեսել նրանց բացակայությունները, դասամատյաններում կեղծ գրառումներ կատարել՝ վերջիններիս դպրոց հաճախելու, գնահատականներ ստանալու վերաբերյալ, որից հետո դրանց հիման վրա հետագայում կազմել և այդ անձանց է հանձնել հիմնական կամ միջնակարգ կրթության մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ավարտական վկայականներ՝ այդ կերպ հեղինակազրկելով պետական կազմակերպությունը, խաթարելով հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Ձեռք բերված փաստերի հիման վրա դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Եվս հինգ անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Քրեական վարույթով վեց մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը:

Երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և հայտարարվել հետախուզում: Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ վերջինիս մահվան հիմքով։

Պատճառված վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականցնող մարմնի որոշմամբ, դպրոցի տնօրենի անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել:

Վեց մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր