Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց շահումով խաղերի վերաբերյալ օրենքի նախագիծը, որ սահմանափակում է խաղային քարտերին դրամական միջոցների համալրման հնարավորությունները:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավորների ներկայացրած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 67 կողմ, 33 ձեռնպահ ձայներ:
Նախագծով սահմանվում է, որ խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է բացառապես անկանխիկ եղանակով տվյալ խաղացողին պատկանող բանկային և քարտային հաշիվների միջոցով:
Նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ իր նպատակը ոչ թե այն է, որ մարդիկ անպայման, անկանխիկ խաղան, այլ՝ իմանան, թե ով է խաղում, դրանով հստակեցնենք նաև պետության քաղաքականությունն այս կամ այն ոլորտում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով