jkjhkjhkj

27-11-2023 17:09 251

ՀՀ բանկերը 2022 թ. իրենց եկամտի 80%–ն ապահովել են ոչ ռեզիդենտների հաշվին։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այդ մասին տեղեկացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ խոսելով վարկերի տոկոսադրույքների վրա վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման հնարավոր ազդեցության մասին:

Նա հիշեցրեց, որ 2023 թ. հոկտեմբերի վերջին ՀՀ ԿԲ–ն վերջին երկու ամիսների ընթացքում 2–րդ անգամ է նվազեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսով՝ սահմանելով 9.5 տոկոս:

ՀՀ ԿԲ նախագահի խոսքով` երկրում արձանագրված բարենպաստ տնտեսական իրավիճակի շնորհիվ բանկերը չեն բարձրացրել վարկերի տոկոսադրույքները։

«Այն միջոցները, որոնք բանկերը վաստակել են 2022 թ., 80 տոկոսով ապահովվել են ոչ ռեզիդենտների հաշվին։ Այդ լրացուցիչ եկամուտները թույլ են տվել բանկերին չբարձրացնել վարկերի տոկոսադրույքները»,– ասաց Գալստյանը։

Ըստ նրա` վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունն ազդել է մասնավորապես հիփոթեքային վարկերի վրա, որոնց տոկոսադրույքը որոշ ժամանակ անց չի բացառվում, որ սկսի նվազել։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր