jkjhkjhkj

11-04-2024 12:21 224

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ինչպես Քաղաքացիական դատավարության, այնպես էլ Վարչական դատավարության օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթը։

Նախագծերով առաջարկվել է Քաղաքացիական դատավարության և Վարչական դատավարության օրենսգրքերում սահմանել դատական նիստերից դուրս դատական տուգանք սանկցիայի տեսակի կիրառման հնարավորությունը՝ համապատասխան առանձնահատկությունների նախատեսմամբ:

 
 

«Մասնավորապես, հաշվի առնելով, որ տուգանքն անձի իրավունքների նկատմամբ գույքային ներգործության եղանակով միջամտության տեսակ է և կարևորելով անձի լսված լինելու իրավունքի ապահովումը՝ դատական նիստից դուրս տուգանքի կիրառման հարցը քննարկելիս առաջարկվում է սահմանել դատարանի կողմից շահագրգիռ անձին տուգանքի հնարավոր կիրառելիության հիմքում դրված փաստական հանգամանքների մասին գրավոր պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ գրավոր ծանուցելու պարտականությունը: Նման կարգավորման միջոցով երկուստեք հնարավոր կլինի ապահովել ինչպես անձի լսված լինելու իրավունքը, այնպես էլ դատարանների կողմից առանց դատական նիստի նշանակման տուգանքի հարցի քննարկումը և լուծումը»,-նշվում է հիմնավորման մեջ:

 
 

Նախագծերով առաջարկվել է սահմանել պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ ծանուցումը ստանալու պահից հնգօրյա ժամկետում գրավոր պարզաբանում ներկայացնելու դատավարության մասնակցի դատավարական պարտականությունը: Միաժամանակ, դատական տուգանքի կիրառման հարցը քննարկելու համար սահմանվել է գրավոր պարզաբանում ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո 20-օրյա ժամկետում որոշում կայացնելու իրավակարգավորում. ժամկետային նման կանոնի սահմանումը նպատակ է հետապնդել ինչպես նվազեցնել փոստային եղանակով պարզաբանում ուղարկելու դեպքում այն դատարան ուշ մուտքագրվելու ռիսկերը, այնպես էլ սահմանել ողջամիտ ժամկետ տուգանքի հանգեցնող հանգամանքները քննարկելու համար:

 

Նշվում է նաև, որ դատական տուգանքի կիրառելիությանն ու արդյունավետության բարձրացմանն առավել կարող է նպաստել դատական սանկցիա կիրառած դատարանին դատական տուգանքի չափը նվազեցնելու կամ դատական սանկցիան վերացնելու միջնորդության ներկայացման հնարավորության սահմանումը:

«․․․Առաջարկվել է հանել այն կարգավորումը, համաձայն որի՝ դատական տուգանք կիրառելու մասին որոշման բողոքարկումը հանգեցնում է այդ որոշման կատարման կասեցման: Որպես հակակշիռ՝ Նախագծերով առաջարկվել է սահմանել, որ եթե վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը վերացնում է դատական տուգանքի չափը նվազեցնելու կամ վերացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը և վերացնում կամ նվազեցնում է դատական տուգանքը, ապա տվյալ դատական ակտով լուծում է նախապես վճարված տուգանքի կամ դրա ավել մասի վերադարձի հարցը»,-նշվում է հիմնավորման մեջ:

 

Ըստ փաթեթի՝ տուգանք կիրառելու հնարավորություն կտրվի նաև եզրափակիչ (գործն ըստ էության լուծող) դատական ակտով կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշմամբ․ «․․․Այսպիսով, նախագծերով առաջարկվում է նաև սահմանել գործի նյութերին ծանոթանալու, դրանց պատճեններ ստանալու, քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ անելու, բացարկ հայտնելու, ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ անելու, ապացույցներ ներկայացնելու, դատավարության մասնակիցներին հարցեր տալու, միջնորդություններ ներկայացնելու, դիրքորոշում ներկայացնելու իրավունքների ժամանակային կամ քանակական սահմանափակումներ կիրառելու դատարանների իրավասությունը»:

Բացի այդ՝

  1. Առաջարկվել է սահմանել, որ ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու անհրաժեշտության դեպքում դատարանը պարտավոր է դատական նիստի ծանուցագրում նշում կատարել այդ մասին, ինչը հնարավորություն կտա կողմերին տեղեկացվելու դատական նիստում քննարկվելիք հարցի մասին:
  2. Առաջարկվել է սահմանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերի քննությունը սկզբից սկսելու կանոնին այլընտրանքային տարբերակներ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր