jkjhkjhkj

12-12-2023 12:51 486

Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ-ի և ՕՊԵԿ–ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև վարկային համաձայնագիր վավերացնելու մասին նախագծին, որը ներկայացրել էր կառավարությունը։

ԱԺ–ն նախագիծն ընդունեց 61 կողմ, 26 դեմ ձայներով։

Ավելի վաղ հայտնել են, որ ՀՀ–ն ցանկանում է վավերացնել ՕՊԵԿ–ի միջազգային զարգացման հիմնադրամի «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը` 50 մլն եվրո արժողությամբ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ ՀՀ և ՕՊԵԿ–ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին համաձայնագրով տրամադրվող միջոցները բյուջետային վարկ են։

«Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացմանը, մասնավորապես՝ կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանն ու հարմարվողականությանը, շրջակա միջավայրի կառավարման բարելավմանը և էներգաարդյունավետությանը, մարդկային կապիտալի զարգացմանը, հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացմանը»,– ընդգծեց փոխնախարարը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ իր ելույթում նշեց, որ այդ վարկն ընդամենը կառավարության ընթացիկ ծրագրի ֆինանսավորումն է, որը փաթեթավորվում է շատ գեղեցիկ «բանտիկներով»։

«Սա կոնկրետ 6 տոկոսանոց վարկ է։ Հարց տրվեց` դիմակայունությունն ինչքա՞ն է բարձրանալու, կանաչն ինչքա՞ն է կանաչելու, քանի՞ մանկապարտեզ է կառուցվելու։ Ոչ մի կոնկրետ պատասխան։ Գիտեք ինչո՞ւ, որովհետև սա կոնկրետ ընթացիկ գործունեության ֆինանսավորում է ու ընդամենը կցում ենք գեղեցիկ «ռեֆորմ» բառը»,– ասաց պատգամավորը։

Ըստ նրա` եթե կոնկրետ մանկապարտեզ կառուցելու համար է վարկը վերցվում, ապա ծախսերի ու գործողությունների հետագծելիությունն այս դեպքում երևում է` այսքան բան է արվել, այսքան գումար է ծախսվել։ Այսպիսի վարկերի դեպքում, Խաչատրյանի խոսքով, ընդհանուր ձևակերպումներ են, որպեսզի հետագծելիությունը քողարկվի։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր