08-02-2019 11:44 1580

lenanazaryan

 

ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և խմբակցության պատգամավորների հանդիպման ընթացքում քննարկված հարցերը:

Մասնավորապես, նա գրել է.

«Այսօր ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության հրավերով ԱԺ էր եկել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Մոտ 5 ժամ քննարկեցինք պարգևավճարների խնդրի ու Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված հարցերը:

Ուզում եմ տեղեկացնել, թե ինչ փոփոխությունների որոշումներ են կայացվել պարգևավճարների հարցում:

1. Պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլևս չեն լինելու: (Հնարավոր է, որ բացառություն լինի միայն ՊՆ-ն): Հիմնականում հենց այս ֆոնդերից են տարիներ շարունակ տրամադրվել պարգևավճարներ և սահմանված չի եղել պարգևավճարի վերին շեմ հանրային ծառայողի համար:

2. 2019թ.-ի բյուջեով յուրաքանչյուր պետական հաստատության համար պարգևավճարի ֆոնդ կնախատեսվի աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով:

3. Քաղաքացիական ծառայության գրասենյակը մշակում է կառավարության որոշում, որը պետք է կարգավորի պարգևավճարների բաշխումը: Կարծում եմ՝ այս կարգի ամենակարևոր հարցը վերաբերում է վերին շեմ սահմանելուն յուրաքանչյուր պաշտոնի համար, որպեսզի ղեկավարն այդ շեմով սահմանափակված լինի՝ իրեն ու աշխատողներին պարգևավճարների տրամադրման ժամանակ:

4. Առաջին իսկ հնարավորության դեպքում արդեն մենք կնախաձեռնենք փոփոխություն Հանրային ծառայության մասին օրենքում, որպեսզի հրապարակվող հայտարարագրի մեջ երևա նաև պարգևավճարի չափը:

հ.գ. վերջին 10 տարում պարգևավճարների տրամադրման հարցում այսքան փոփոխություն չի եղել, որքան վերջին երեք շաբաթում եղավ»:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր

Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?