11-02-2019 14:44 2613

aragatsotn

 

Լամպերի և լուսավորման սարքավորումների արտադրությամբ զբաղվող ռուսական «Լիսմա» ՍՊ ընկերությունը մտադիր է Արագածոտնի մարզում հիմնել լուսադիոդային լամպերի արտադրամաս: Պլանավորվածի համաձայն՝ աշխատանքները նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարում՝ մինչև հոկտեմբեր: Արդեն իսկ կատարվել են տարածքի ուսումնասիրություններ և որոշում է կայացվել արտադրությունը հիմնել Թալին քաղաքում:

Արագածոտնի մարզպետարանից տեղեկացնում են, որ ծրագրի իրականացման համար նախատեսվում է իրականացնել 1.5 մլն դոլարի ներդրում, կստեղծվի 48 նոր աշխատատեղ՝ 539 դոլար միջին ամսական աշխատավարձով:

Ընկերությունը ծրագրում է տարեկան 5.1 միլիոն լուսադիոդային լամպ և 0.5 միլիոն լուսատու սարքավորումներ արտադրել, որոնց մի մասը կսպառվի տեղական շուկայում, իսկ մյուս մասը կարտահանվի:

Ըստ «Լիսմա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կոնստանտինովի՝ ընկերության կողմից արտադրված լամպերն իրենց տեխնիկական հատկանիշներով մի քանի անգամ գերազանցում են նմանատիպ այլ սարքավորումներին՝ առավել դիմացկուն են և արդյունավետ:

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հանդիպել է Իգոր Կոնստանտինովի և ընկերության զարգացման գծով տնօրեն Սերգեյ Էրմակովի հետ եւ քննարկել ընկերության կողմից ներկայացված ներդրումային առաջարկի մանրամասները:

Ծրագրի մեկնարկի հստակ ժամկետները, ներդրման ֆինանսական ծավալներն ու այլ մանրամասներ կներկայացվեն առաջիկայում՝ ներդրումային ծրագրի մանրամասները համապատասխան գերատեսչությունների հետ քննարկելուց հետո։

Տեղեկացնենք,որ ռուսական «Լիսմա» ՍՊ ընկերությունը լուսային սարքերի արտադրությամբ է զբաղվում շուրջ 70 տարի, թողարկում է 300 տեսակ արտադրանք: Հիմնական գործունեությունը ծավալում է Ռուսաստանի Դաշնությունում, տարեկան արտադրում է 130 միլիոն լամպ, տիրապետում է ՌԴ-ում լուսավորման սարքերի արտադրանքի շուկայի արտադրության ծավալների 50, շահաբաժնի 20, իսկ արտահանման ծավալների 18 տոկոսին:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր