14-02-2019 16:30 1621

tatevik gasparyan

 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը պնդում է, որ Կառավարության նոր ծրագրում պետք է կարևորվի բանկային վարկավորման խոչընդոտների նվազեցումը կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցության շնորհիվ:

«Հեղափոխության շնորհիվ կատարվեց բացառիկ բան. ներվեցին մոտ 15 հազար քաղաքացու ավելի քան 7 մլրդ դրամ անհուսալի վարկերի տույժ-տուգանքներ և վերանայվեցին ավելի քան 134 հազար մարդու վարկային պատմություններ, նաև իջեցվեցին հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները ու կանխավճարի սահմանաչափը: Բայց և այնպես կա հստակ համակարգային խնդիր, քանի որ բոլոր այդ փոփոխությունները մեծ ազդեցություն չեն թողել քաղաքացիների կյանքի որակի, ֆինանսական վիճակի վրա և տասնյակ, գուցե հարյուր հազարավոր մարդիկ, այնուամենայնիվ, դեռ ծանրաբեռնված են վարկերով: Շատերը մի կերպ են վճարում վարկը, մի բանկից մյուսն են տեղափոխում այն, նաև մերժումներ ստանալով հայտնվում են փակուղու առջև» - նշեց պատգամավորը ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ: Տ.Գասպարյանի համոզմամբ՝ հենց այդ է պատճառը, որ ըստ ձևավորված համոզման, բանկերը թալանում են քաղաքացիներին, զբաղվում են վարկերի վաճառքով, երկրորդական և երրորդական պլան են մղում քաղաքացիների ֆինանսական գրագիտության աստիճանը և հետագառիսկերը:

Տ.Գասպարյանը կարծում է, որ քաղաքացիներին այդ փակուղուց դուրս բերելու համար պետական համակարգային մոտեցում է հարկավոր, նաև քաղաքացիների ֆինանսական գրագիտությունն է պետքբարձրացել: Պատգամավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, արդյոք կառավարությունըունի ծրագրեր այդ մասով:

Վարչապետն հորդորեց չշտապել, քանի որ, ըստ նրա, բանկային համակարգում արդեն նկատվում է դրական միտում: «Հիմա մեր բանկային համակարգում կա այնպիսի ֆենոմեն, որը պոզիտիվ է: Մարդը ունի բարձր տոկոսով վարկ, սակայն մեկ այլ բանկ առաջարկում է իրեն նոր, ավելի ցածր տոկոսով վարկ, որով քաղաքացին կմարի գործող վարկը: Հիմա սա չի՞ նշանակում, որ քաղաքացու վարկային բեռը նվազեց: Իհարկե, նշանակում է», - ընդգծեց Փաշինյանը: Նրա խոսքով՝ կառավարությունն այժմ նաև սուբսիդավորման ծրագրեր է իրականացնում գյուղատնտեսության զարգացման, հիփոթեային, նաև ուսանողական վարկավորման բնագավառում: Դրանց շրջանակում բանկերը քաղաքացիներին որոշակի տոկոսով վարկավորում են, իսկ հետո կառավարությունը սուբսիդավորում է այդ վարկերի տոկոսադրույքների 1, 2 կամ 3 տոկոսը, ինչը թեթևացնում է քաղաքացու բանկային, վարկային ծանրաբեռնվածությունը: Ավելին, ըստ վարչապետի, Հայաստանում ընդհանուր բանկային տոկոսների նվազնման միտումը կշարունակվի: «ԿԲ հետ ունենք պայմանավորվածություն, որով միկրոբիզնեսի ֆինանսավորման համար 10 միլիարդ դրամանոց վարկային նոր պորտֆել պետք է ստեղծվի, որով կֆինանսավորվեն զրոյից բիզնես ստեղծող քաղաքացիները», - հայտնեց Փաշինյանը: Նա մանրամասնեց, որ տնտեսական հեղափոխությունը հենց բանկային համակարգը պետք է ֆինանսավորի, կառավարությունն էլ կշարունակի նպաստել բանկային վարկերի տոկոսների նվազմանը, որպեսզի վարկերի պայմանները հասանելի լինեն ավելի մեծ թվով քաղաքացիներին: Դրա հետ մեկտեղ, ըստվարչապետի, կարևոր է քաղաքացիների վարկային գրագիտության ավելացումը:

«Հայաստանում կա այնպիսի երևույթ, երբ քաղաքացին գյուղվարկ է վերցնում, և այն օգտագործում է ոչ այդ նպատակով, օրինակ, թանկ մեքենա է գնում: Լինում են նաև դեպքեր, երբ բիզնես վարկերով քաղաքացիները հարսանիք են անում», - նշեց Փաշինյանը և ընդգծեց, որ նման խնդիրները վերացնելու նպատակով կառավարությունը ԿԲ հետ մտադիր ստեղծել իրազեկման հատուկ ծրագրերի շարք, որոնք կբարձրացնեն քաղաքացիերի ֆինանսական գրագիտության աստիճանը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր