12-03-2019 13:56 5244

 

Կառավարությունը ՀՀ կենտրոնական բանկի հետ Հայաստանի հիփոթեքային շուկայում իրականացվող վարկավորման ծրագրերում էական բարելավումներ է արել, որոնց արդյունքում ավելացել են հիփոթեքային վարկավորման ծավալները և հիփոթեքային վարկերի հասանելիության մակարդակը: Ինչպես նշված է ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին վերջերս հրապարակված զեկույցում՝ 2018 թ.-ի ընթացքում «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ-ի կողմից հիփոթեքային վարկերի հասանելիության խորացման նպատակով իրականացվեցին ծրագրային վարկերի ընդհանուր պայմանների փոփոխություններ՝ պարզեցնելով վարկավորման ընդհանուր պայմանները։ Նշված փոփոխություններով հնարավորություն է ընձեռվել մինչև 30 տարեկան երիտասարդ մասնագետներին և չամուսնացած անձանց ձեռք բերել հիփոթեքային վարկեր նորակառույց շենքերում 7,5% կանխավճարով և 35 տարի մարման ժամկետով: Մյուս կողմից, 30 տարեկանից բարձր անձանց (ամուսնացածներ և չամուսնացածներ) համար գործում է կանխավճարի 10% հնարավորություն, եթե դրվում է երկրորդ գույքը որպես գրավ կամ ձեռք է բերվում կանխավճարի ապահովագրություն։ 2018 թ.-ի ընթացքում էական բարելավումներ են իրականացվել նաև «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ-ի կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» սոցիալական ծրագրի ներքո, որոնք ուղղված են եղել հիփոթեքային վարկերի մատչելիության բարձրացմանը՝ ստեղծելով նաև նոր հնարավորություններ նորակառույց շենքերում բնակարանների ձեռքբերման համար: «Մասնավորապես, փոփոխվել է ամուսինների գումարային տարիքի առավելագույն շեմը՝ գործող 65 տարվա փոխարեն դառնալով 70 տարի, իսկ վարկավորման տարեկան տոկոսադրույքը երկրորդային շուկայից ձեռքբերվող բնակարանների դեպքում սահմանվել է առավելագույնը 9,5%` նախկին 10,5%-ի փոխարեն, ընդ որում, տոկոսագումարների սուբսիդավորումից հետո վարկառուների համար առավելագույն տարեկան տոկոսադրույքը Երևանում և ՀՀ մարզերում կազմելու է համապատասխանաբար՝ 7,5% և 5,5%», -  ասված է զեկույցում:

Ի դեպ, վարկառուների համար ստեղծվել է նաև նոր հնարավորություն նորակառույց շենքերում բնակարանների ձեռքբերման համար. վարկառուները կարող են ձեռք բերել մինչև 30 մլն դրամ առավելագույն արժեքով բնակարաններ 7,5% տարեկան տոկոսադրույքով (եկամտային հարկի վերադարձման հնարավորությամբ, սա ըստ voroshum MK-590 18 էության անուղղակի սուբսիդավորում է) և մինչև 30 տարի մարման ժամկետով: Ընդ որում, ծրագրի ներքո ներդրվել է նաև նոր հնարավորություն, և վարկառուները կարող են ստանալ հիփոթեքային վարկեր 10% կանխավճարով, եթե ձեռք են բերում հիփոթեքային պարտավորության ապահովագրություն բնակարանի արժեքի մինչև 20%-ի չափով (իսկ նորակառույց շենքերում՝ բնակարանի արժեքի մինչև 10%-ի չափով):

Պաշտոնական տվյալներով՝ 2018 թ. ընթացքում ՀՀ-ում տրամադրված ծրագրային հիփոթեքային վարկերի ծավալը 2017 թ. նկատմամբ աճել է շուրջ 20%-ով, իսկ միջին կշռված տոկոսադրույքները նվազել են՝ տատանվելով 10,5%-ի շուրջ, նախկին 12,5%-ի փոխարեն: Էական փոփոխություններ նկատվել են 2018 թ.-ի տարեվերջին, հատկապես «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրում իրականացված փոփոխություններից հետո: Մասնավորապես, 2018 թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ վարկերի ծավալն աճել է 41%-ով, դեկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 85%-ով, իսկ 2019 թ. հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 131%-ով: Ընդ որում, նշված ծրագրով վարկավորման միջին կշռված տոկոսադրույքները նվազել են՝ 2018 թվականի հունվարի 8,7%-ից դառնալով 2019 թվականի հունվարին 7,3%: Սա նշանակում է, որ ՀՀ առևտրային բանկերը փաստացի ավելի ցածր տոկոսադրույքով են տրամադրում վարկերը, որը սուբսիդավորումից հետո կարող է տատանվել 3,0-3,5%, օրինակ՝ ՀՀ մարզերում:

Հրապարակված տեղեկության համաձայն՝ ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցության շնորհիվ հաջողվեց բարելավել շուրջ 125 հազար վարկառուների վարկային պատմությունը: Համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո 2018 թվականի օգոստոսից սկսած ՀՀ առևտրային բանկերն իրականացրել են ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժերի և տուգանքների ներում , որի շնորհիվ մինչ օրս ներվել են շուրջ 19,000 վարկառուների ժամկետանց վարկերի գծով տույժերն ու տուգանքները՝ շուրջ 9,5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր