13-03-2019 13:41 1272

Գազպրոմի հետ բանակցություններն ավարտվել են, և Վրաստանը շուտով կձևակերպի ռուսական պետական գազային ընկերության հետ համաձայնագիրը:

Էկոնոմիկայի փոխնախարար Նատիա Տուրնավան հայտարարել է, որ բանակցությունները հաջող են ավարտվել, ինչը նշանակում է, որ Վրաստանը բարելավել է դիրքերը ռուսական ընկերության նկատմամբ: «Տարանցման գինը, որը վճարում է մեզ Ռուսաստանը [փոխադրման համար], ավելացել է, իսկ ռուսական գազի գինը նվազել է. դա այն դեպքում, եթե որեւէ մասնավոր բիզնես հետաքրքրվի այդ այլընտրանքով», - հայտարարել է Տուրնավան: Նրա խոսքով, ինքը չի կարող հստակ ասել, թե որքան է աճել տարանցման արժեքը, քանի որ դա կոմերցիոն գաղտնիք է։ Ըստ Տուրնավայի, «Գազպրոմի» հետ կձեւակերպվի երկամյա պայմանագիր, որն աշխատելու է 2019-2020 թվականներին: «Բանակցություններն ավարտվել են մեր օգտին։ Տարանցման արժեքն ավելացել է։ Ինչպե՞ս ենք հասել դրան։ Սա ունի մի քանի բացատրություն: Մեր թիմը, որը բանակցում էր նրանց հետ, լավ օգտագործեց նավթի համաշխարհային գների դինամիկան։ Գների մեջ որոշակի անկում կա, համապատասխանաբար, կար որոշակի զիջումների պատրաստակամություն, և մենք լավ օգտագործեցինք այդ պահը։ Մեր շուկայի մեծ մասը ներկայացնում է հատուկ [սպառողական] հատվածը, այսինքն՝ բնակչությունը։ Այդ հատվածը կապահովվի ադրբեջանական գազով, և մենք դրա ռեսուրսն ունենք ։ Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, բիզնեսին եւ արտադրությանը, ապա դա կարգավորվելու է շուկայով: Խոսակցությունն այն մասին, որ ռուսական գազը զանգվածաբար կմտնի շուկա, բացառվում է», - հայտարարել է Տուրնավան։

Ինչպես նշել է նախարարը, «Գազպրոմի՚ հետ բանակցություններում վրացական կողմը ղեկավարվել է երկու հիմնական սկզբունքով՝ էներգետիկ անկախություն եւ անվտանգություն, եւ «Գազպրոմի՚ հետ հարաբերություններում դիրքերի բարելավում: «Մեր շուկայի երկու կարեւորագույն ռազմավարական հատվածները՝ բնակչությունը եւ էլեկտրաէներգիայի արտադրությունը, լիովին ապահովվում են եւ այսուհետև էլ կապահովվեն ադրբեջանական գազով»,- նշել է Տուրնավան: Նրա խոսքով, գազի ոլորտում Ադրբեջանը նախկինի պես Վրաստանի գլխավոր մատակարարն է եւ ռազմավարական գործընկերը, իսկ «Շահդենիզ» հանքավայրի երկրորդ փուլի լիարժեք գործարկումից հետո ադրբեջանական գազի բաժինը Վրաստանի շուկայում ավելի կմեծանա: «Երկրորդ խնդիրը «Գազպրոմի» հետ հարաբերություններում մեր դիրքերի բարելավումն էր։ Մենք հասել ենք երկու դիրքերի բարելավման՝ տարանցման արժեքը, որը մեզ վճարում են, ավելացել է, իսկ ռուսական գազի գնման գինը նվազել է, այն դեպքում, եթե որեւէ մասնավոր բիզնես հետաքրքրվի այդ այլընտրանքով», - հայտարարել է Տուրնավան։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր