11-04-2019 13:31 1241

 

Արդեն երկրորդ օրն է, ինչ Գեղարքունիքի մարզի առանձին համայնքների ցածրադիր գոտիներում սկսվել է գարնանացանը:

Ըստ Գեղարքունիքի մարզի Գեղամասար, Մեծ Մասրիկ և Երանոս համայնքների աշխատակազմերից, արդեն մի քանի տասնյակ հեկտարների վրա ցանք է կատարվել, և գարնանացանը սկսում է թափ հավաքել:

Մեծ Մասրիկի գյուղապետ Արմեն Ասատրյանի խոսքով՝ իրենց համայնքում հիմնականում ցանում են գարի եւ բազմամյա խոտաբույսեր:

Եղանակը շատ բարենպաստ է գարնանացանի համար: Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հավաստիացմամբ՝ գարնանացանը երկու օր առաջ մեկնարկել է համայնքի Փամբակ, Դարանակ, Գեղամասար, Արեգունի, Ավազան, Փոքր Մասրիկ բնակավայրերում: Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանի ներկայացմամբ՝ արդեն երրորդ օրն է, ինչ Երանոսի ցածրադիր գոտում ընթանում է գարնանացան գարու և ցորենի ցանքը: «Ցածրադիր գոտում այս տարի հացահատիկի ցանքերը կհասնեն մինչև 100 հեկտարի՝ նախորդ տարվա 80 հեկտարի դիմաց: Որոշակիորեն կաճեն գարնանացան ցանքատարածքները նաև բարձրադիր գոտիներում: Մենք քաջալերում ենք մեր բնակիչներին, բացատրական աշխատանք տանում, որպեսզի դեմքով շրջվեն դեպի գյուղատնտեսությունը: Հուսամ, որ այս տարի լավ արդյունքներ կունենանք», - նշեց Սաշա Բավեյանը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր