12-04-2019 16:24 1816

 

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ այն քաղաքացիները, որոնք 2018թ. հունվարից սկսած մինչև հունիս ամսվա օրենսդրական փոփոխությունները մեքենաների տեխզննման համար ունեն ավելի վճարված բնապահպանական գումարներ, կարող են ապրիլի 11-ից սկսած վեց ամսվա ընթացքում հետ ստանալ դրանք:

Բնապահպանական վճարները հետ ստանալու համար քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն համապատասպան բանկ կամ ՖՆ գանձապետարան:

ՀՀ ՖՆ եկա­մուտ­ների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանի խոսքով՝ եթե քաղաքացին վճարումը կատարել է բանկի միջոցով՝ դիմումին կից պետք է ներկայացնի տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի պատճենը և բնապահպանական հարկի վճարման անդորրագիրը: epayment.am էլեկտրոնային համակարգի միջոցով կատարված վճարման դեպքում՝ վերադարձն իրականացնում է գանձապետարանը:

«Վճարման կտրոնը պարտադիր է՝ համաձայն կարգի: Իսկ այն քաղաքացիներն, ովքեր չեն պահպանել անդորագիրը, բանկի միջոցով հնարավորություն կունենան ստանալու կրկնօրինակը, որովհետև բանկն այդպիսի հնարավորություն ընձեռում է»:

ՖՆ պաշտոնյայի խոսքով՝ ավելի վճարված գումարի չափն ամենևին պարտադիր չէ, որ ինքնուրույն հաշվակի քաղաքացին: Ընդամենը անհրաժեշտ է մոտենալ բանկ և ստանալ այդ տեղեկատվությունը: Այդ հարցում կօգնի նաև ֆինանսների նախարարությունը՝ տրամադրելով անհատական տեղեկատվություն:

Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ համաձայն ընթացակարգի՝ այդ գումարները վերադարձվելու են 6 ամսվա ընթացքում: Ուստի դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առաջիկա 6 ամիսների ընթացքում, դրանից հետո վերադարձման ընթացակարգ նախատեսված չէ: 

Հիմքը՝ ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշման մեջ փոփոխություն և լրա­ցումներ կատարելու մասին» թիվ 314-Ն որոշում

Մանրամասները՝ տեսանյութում 

 

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր