15-05-2019 13:37 1438

 

Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցը Հայաստանի համար շատ կարևոր ու սկզբունքային հարց է:

Բրյուսելում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին՝ Բրյուսելում ունեցած հանդիպումների ժամանակ վիզաների ազատականացման հարցին:

«Սա մեզ համար շատ կարևոր, շատ սկզբունքային հարց է: Նորից լսեցիք՝ քննարկման ժամանակ մենք նորից անդրադարձանք, որովհետև այն, ինչ մենք անում ենք մեր երկրի համար, այն, ինչ մենք անվանում ենք արժեքներ և կառուցում ենք մեր երկիրը, և Թավշյա հեղափոխության պատգամը, որը վերաբերում է արժեքներին, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայությանը, սոցիալ-տնտեսական կյանքում հավասար պայմաններին, դա մեր ընտրությունն է: Դա աշխարհաքաղաքականությունից դուրս ընտրություն է, և մեր ազգային շահից բխող, ժողովրդի կողմից ընտրված մոդել է: Ամեն ինչ վերաբերում է մարդուն, քաղաքացուն, սա վերաբերում է մեզ, մեր երկրին և մեր գործընկերների հետ՝ ներառյալ Եվրամիության շրջանակներում մեր համագործակցությանը: Ազգային շփումները սկզբունքային, կարևորագույն հարց են, վիզաների ազատականացումը ոչ միակ, բայց այն կարևորագույն գործիքն է, որը հնարավորություն է տալիս մեզ ամրապնդելու այն, ինչ կոչվում է մարդկային շփում: Սա չափազանց կարևոր հարց է մեզ համար։ Սա միակ գործիքը չէ, որովհետև մենք ուշադրություն ենք դարձնում և փորձում ենք զարգացնել բոլոր մյուս հնարավորությունները, որոնք վերաբերում են կրթական, մշակութային, գիտական, գործարար և այլ շրջանակներում այդ շփումներին, այս մայրցամաքում մեր քաղաքացիներին իրենց գործընկերների հետ մերձեցնելուն, հնարավորություններն ընդլայնելուն»,

- ասել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ այս առումով վիզաների ազատականացումը մեծ նշանակություն ունի: «Խոսել եմ դրա մասին, որ կան տարբեր նկատառումներ, տարբեր հարցեր, որոնք վերաբերում են միգրացիայի հանդեպ վերաբերմունքին և քաղաքականությանը: Մեզ համար սա բավարար խոչընդոտ չէ, մենք չենք կարող դա ընդունել և ասել՝ շատ լավ, հարցը փակվեց։ Իհարկե, չփակվեց, և մենք շարունակելու ենք շատ հետևողականորեն տանել առաջ այն, որովհետև պնդում ենք, որ յուրաքանչյուրը գնահատվում է ըստ իր արժանիքների, ըստ իր կարողությունների։ Մենք շատ զգայուն ենք և որևէ կերպ չենք գործելու այնպես, որպեսզի ստեղծենք նման հնարավորության՝ ազատականացված ռեժիմի չարաշահում։ Մենք չենք քաջալերում որևէ բան, որը բերելու է խնդիրների: Հիմա մեզ ասում են, որ կան մյուս երկրները, որոնք օգտվում են ազատականացված ռեժիմից և չարաշահում են. մեզ համար դա բավարար փաստարկ չէ: Մենք ուզում ենք գնահատված լինել մեր արժանիքների, մեր կարողությունների համաձայն, և այդ առումով է, որ մեր բոլոր փորձագետները, մեր բոլոր համապատասխան գերատեսչությունները, որոնք առնչություն ունեն միգրացիայի հետ, շփման մեջ են եվրոպական համապատասխան փորձագետների հետ գնահատելու համար՝ որքանով ենք մեր կարողությունները զարգացած, որքանով են նրանք համապատասխանում չափանիշների, որպեսզի մենք կարողանանք սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր