17-05-2019 21:52 304

 

Գազպրոմի դուստր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մինչև 150 մլն դոլարի սինդիկատավորված վարկ կներգրավի «Սովկոմբանկից»: Այդ մասին հաղորդել է բանկի մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝ վարկի տրամադրման մասին համաձայնագիրն ստորագրվել է նախօրեին: Այն նախատեսում է վարկային միջոցներն ուղղորդել համակորպորատիվ նպատակների, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ընթացիկ վարկերի վերաֆինանսավորմանը: Տրամադրվող վարկն ընկերությանը թույլ կտա նվազեցնել պարտքային ծանրաբեռնվածությունը և միջոցներ ուղղորդել հեռանկարային ուղղությունների իրականացմանը:

«Մենք ուրախ ենք Հայաստանի Հանրապետության խոշորագույն ընկերություններից մեկի հետ համագործակցության մեկնարկի համար», - նշել է «Սովկոմբանկի» վարչության նախագահի տեղակալ, կորպորատիվ-ներդրումային դիվիզիոնի ղեկավար Միխայիլ Ավտուխովը: Նրա խոսքով, սկիզբ է դրվել երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության համար, և բանկը պատրաստ է դառնալ «Գազպրոմ» ԲԲԸ ողջ խմբի հուսալի ֆինանսական գործընկերը:

«Գազպրոմ Արմենիան» այսօր առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի տնտեսությունում և երկար տարիներ ունի հուսալի գործընկերոջ բարձր հեղինակություն», - իր հերթին նշել է վարչության նախագահ, ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը: Նրա խոսքով, «Սովկոմբանկ» ԲԲԸ-ի հետ համագործակցության սկիզբը արժանի է բարձր գնահատականի: «Մեր գործընկերների որակյալ, պրոֆեսիոնալ և լավ կազմակերպված աշխատանքը թույլ տվեց կարճ ժամկետում ստորագրել այդ վարկային համաձայնագիրը։ Վստահ եմ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և «Սովկոմբանկ» ՓԲԸ-ն համագործակցության ընդլայնման հեռանկարներ ունեն։ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընթացիկ տարվա հոկտեմբերին հաստատել Հայաստանի գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեման, ինչը նախադրյալներ կստեղծի «Սովկոմբանկ» ԲԲԸ - ի հետ արդյունավետ գործընկերության հետագա խորացման համար», - ընդգծել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր