jkjhkjhkj

08-06-2019 11:48 931

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 7-ին քննարկվել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության՝ հարկային, մաքսային քաղաքականության, արդյունաբերության, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի, քաղաքաշինության, ջրային տնտեսության բնագավառների եկամուտների եւ ծախսերի կատարողականները:

Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտած ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն` հարկային պարտավորությունների հաշվառման նպատակով կիրառվում է հարկերի միասնական հաշիվ: Արդյունքում պետական բյուջեի եկամուտների՝ սկզբնական տարեկան ծրագրի հետ համադրելի փաստացի ցուցանիշը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 261 մլրդ դրամ՝ ԱԱՀ-ի գծով մուտքագրվել է 97 մլրդ դրամ, ճշգրտված կատարողականը՝ 99,7 տոկոս է:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների ոլորտին է անդրադարձել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ արտահանումը տնտեսական զարգացման շարժիչն է: Արդյունաբերության եւ շինարարության բնագավառի ծախսերը կազմել են 36.9 մլն դրամ՝ 99.9%-ով ապահովելով ծրագրի կատարումը: 2018 թվականի պետական բյուջեի ծախսերի 7.8%-ը տրամադրվել է տնտեսական հարաբերություններին՝ կազմելով 112.2 մլրդ դրամ եւ 82.6%-ով ապահովելով ծրագրի կատարումը: Շեղումը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի կատարողականով: Հատկացված ֆինանսական միջոցների հիմնական մասն ուղղվել է տրանսպորտի (52.7%), գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության ու որսորդության (23.6%) եւ վառելիքի ու էներգետիկայի (14.8%) բնագավառների ծրագրերի իրականացմանը:

Հաշվետու տարում էլեկտրաէներգիայի դասի ծախսերը կազմել են շուրջ 13.5 մլրդ դրամ` ապահովելով 81.7% կատարողական: Իրականացվել է 6 ծրագիր, այդ թվում` արտաքին աղբյուրներից ֆինանսավորվել են 4 վարկային ծրագրեր:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ տրանսպորտի եւ կապի բնագավառում 2017թ. համեմատ արձանագրվել է բեռնափոխադրումների ծավալի 3.7% աճ:

Ուղեւորափոխադրումների ծավալը նվազել է 7.0%-ով` պայմանավորված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով իրականացված ուղեւորափոխադրումների նվազմամբ:

2018 թվականին կապի ծառայություններից ստացված հասույթի 1.0% աճին հիմնականում նպաստել են հեռահաղորդակցման ծառայությունները:

Հաշվետու տարվա ընթացքում 54.1 մլրդ դրամ ուղղվել է ճանապարհային տրանսպորտի ծրագրերի ֆինանսավորմանը` կազմելով ծրագրային ցուցանիշի 78.4%ը, ինչը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի կատարողականով: Կատարված հատկացումների հաշվին իրականացվել է 22 ծրագրեր, որոնցից տասնմեկը՝ վարկային եւ երեքը դրամաշնորհային ծրագրեր են:

ՏՏ ոլորտում ֆինանսավորումը կազմել է 344,8 դրամ, կատարողականը՝ 99 տոկոս: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, անդրադառնալով ջրային տնտեսությանը, նշել է, որ ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններին 2018 թվականին տրամադրվել է շուրջ 1.2 մլրդ դրամ ֆինանսական աջակցություն՝ վնասների փոխհատուցման արդյունքում նրանց տեխնիկական եւ ֆինանսական կայունության ապահովման նպատակով: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 4.1%-ով կամ 46.3 մլն դրամով, որը պայմանավորված է էլեկտրաէներգիայի ծախսերի աճով:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հավաստմամբ՝ հանձնաժողովի պահպանման համար հատկացվել է 810 մլն դրամ, կատարողականը՝ 95 տոկոս է: Հանձնաժողովը հաշվետու տարում 7,3 մլրդ դրամ գումար է ապահովել պետական բյուջե:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը նշել է, որ հանձնաժողովին հատկացվել է 314 մլն դրամ:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը տեղեկացրել է, որ էներգետիկայի եւ բնական պաշարների, կադաստրի, քաղաքաշինության եւ այլ բնագավառների եկամուտների ու ծախսերի կատարողականները կքննարկվեն հունիսի 11-ին, ժամը 14-ին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր