11-06-2019 20:05 596

 

Այսօր հրապարակվել է «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2018 թ.» տարեկան պարբերականը:
Ֆինանսական համակարգի կապիտալացվածության ու իրացվելիության բարձր ցուցանիշները 2018 թ. ընթացքում պահպանվել են: Ֆինանսական համակարգն արձանագրել է գործունեության ծավալային աճ: Տարվա ընթացքում համակարգն ապահովել է շահույթ: Ֆինանսական միջնորդությունը խորացել է՝ հիմնականում առևտրային բանկերի կողմից տնտեսության վարկավորման ծավալների աճի շնորհիվ:

  • ՀՀ տնտեսական աճի պայմաններում բանկերը շարունակել են ցուցաբերել վարկային և ներդրումային ակտիվություն՝ զուգահեռ թուլացնելով վարկավորման պայմանները: Վարկավորման աճին նպաստել է նաև տարվա ընթացքում մեղմ դրամավարկային պայմանների պահպանումը:
  • ՀՀ գործընկեր երկրներում մակրոտնտեսական զարգացումները և աճող անորոշությունները դեռևս անբարենպաստ են ՀՀ արտահանման ու գործոնային եկամուտների միտումների համար։
  • ՀՀ ԿԲ կողմից իրականացված սթրես-թեստերի արդյունքների համաձայն՝ ՀՀ բանկային համակարգը բավարար իրացվելի և կապիտալացված է, ունակ կլանելու ռիսկերից բխող հավանական կորուստները և ապահովելու բանկային գործունեության անընդհատությունը:
  • Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի կողմից մշակված Բազել 3-ի պահանջների ներդրման շրջանակում ՀՀ կենտրոնական բանկը մշակել և ընդունել է «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգը, որը ուժի մեջ է մտել 2019 թ. ապրիլից: Կարգի ընդունումը նպատակաուղղված է իրականացվող մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքակազմի ձևավորմանը և քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:
  • 2018 թ-ին Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվել է Հայաստանի ֆինանսական հատվածի գնահատման ծրագիր (FSAP)։ Ծրագրի արդյունքներով՝ ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն, իսկ բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը՝ բարձր՝ 97% (2012 թ.՝ 93%, իսկ 2005 թ.՝ 67%): Զեկույցի համաձայն՝ ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, իսկ ճկունությունը՝ աճել, ինչը ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման երաշխիք է:


Սկզբնաղբյուր` ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր