jkjhkjhkj

09-03-2023 15:00 158

«Մարդկային զարգացումը որպես հնարավորությունների ընդլայնման գործընթաց  չի կարող կայանալ, երբ մարդկության կեսի հնարավորություններն ու իրավունքները սահմանափակ են։ Այս առումով, գենդերային հավասարության ապահովումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մեծ ձեռքբերումներից է: Գենդերային անհավասարությունն ու խտրական վերաբերմունքը,  ռեսուրսների անհամաչափ հասանելիությունը յուրաքանչյուր հասարակության համար առաջընթացի լուրջ խոչընդոտ են։ Եվ Հայաստանը, լինելով ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն, սոցիալական և տնտեսական զարգացման հիմքում կարևորում է գենդերային բաղադրիչի ներառումը»,- ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին հանդես է եկել որպես ՀՀ կողմից հիմնական զեկուցող՝ ներկայացնելով կանանց իրավունքներին և հնարավորություններին առնչվող հիմնահարցերը, ոլորտային առաջնահերթություններն ու առկա խնդիրները։ 

Նախարարը նշել է, որ Հայաստանը վավերացրել է միջազգային մի շարք փաստաթղթեր, որոնց դրույթների կիրարկման ապահովումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամենօրյա աշխատանքն է:

Վերջինիս խոսքով՝ ՀՀ կառավարությունը,  կարևորելով կանանց տնտեսական զորեղացումը, ներուժի բացահայտումն ու մասնագիտական կարողությունների զարգացումը,  շարունակում է անհրաժեշտ ջանքեր ներդնել՝ իրականացելով ծրագրեր ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև հանրապետության տարբեր մարզերում։

Նախարարն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության կողմից ընտանիքում բռնության դեմ պայքարին ուղղված աշխատանքներին, իրականացվող գենդերազգայուն ծրագրերին։

Հիշեցնենք, որ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի գերակա թեման և նախարարական հատվածը նվիրված են թվային ժամանակաշրջանում  նորարարությանը, տեխնոլոգիական փոփոխություններին և կրթությանը՝ գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների առաջխաղացման համատեքստում։

Նստաշրջանին մասնակցում են ՄԱԿ անդամ պետությունների, ՄԱԿ կառույցների, Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) կողմից հավատարմագրված ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) բարձրաստիճան ներկայացուցիչներ աշխարհի բոլոր տարածաշրջաններից:

 
 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր